Լուրեր

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը հետևել են Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպմանը

05.04.2013

 Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո, անցկացվել է Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում:
Վետերանների մրցամարտին հետևել են նաև Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը: Երկու մայրաքաղաքների վետերան հանդբոլիստների միջև ծավալված պայքարը թեժ էր ու անզիջում:
Հանդիպման ավարտից հետո ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման մարզամշակութային միջոցառումների անցկացումը ևս փաստում է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցությունը բազմոլորտ է ու հաջողված:
<<Երևանի ու Ստեփանակերտի միջև գործընկերային սերտ փոխգործակցություն է ծավալվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Համատեղ իրականացվող ծրագրերն ու միջոցառումներն էլ ավելի են նպաստում հարաբերությունների խորացմանն ու փոխշահավետ համագործակցությանը: Այս հանդիպումը ևս իր հերթին փաստում է, որ մեր փոխգործակցությունն իսկապես կայացած է>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, նշել է, որ այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմաններն առավել լայն դաշտում համագործակցելու համար:
Շնորհավորելով Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների մրցաշարի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի թիմին է փոխանցել առաջնության գավաթը:

← Վերադառնալ ցուցակին