Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

03.04.2013

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում ոչ թե անհատական տեղեկությունների ներկայացման համար սահմանված ընդհանուր կարգով, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող առանձին կարգով:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ 2013 թվականի համար անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն՝ ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերացնել օրենքի որոշ դրույթների տարընկալման դեպքերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգեց ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նույնանուն երեք նախագծերի քննարկումը:

Նույն օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորվում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը տեղեկացրեց, որ մինչ երրորդ ընթերցում կառավարությունը խմբագրել է մի շարք հոդվածներ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը պատգամավորների կողմից առաջարկներ չի ստացել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերին: 

← Վերադառնալ ցուցակին