Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

02.04.2013

 Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման, կանաչապատման ու բակային տարածքների կահավորման, նոր այգիների և պուրակների ձևավորման աշխատանքների ընթացքին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Շենգավիթ վարչական շրջանում:
Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թադևոսյան փողոցներին, ինչպես նաև Արշակունյաց պողոտային հարակից բակային տարածքներում արդեն իսկ մեկնարկել և լայն թափով ընթանում էին բարեկարգման նախապատրաստական աշխատանքները:
Ծրագրի շրջանակում բարեկարգվող բոլոր բակերը կկահավորվեն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև կապահովվեն նոր արտաքին լուսավորության համակարգով և ոռոգման ցանցով:
Օգտվելով առիթից, բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ երկար տարիներ անուշադրության մատնված իրենց բակային տարածքները բարեկարգելու սպասված ծրագրի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը:
<<Նախորդ տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված մեր պարբերական շրջայցերի շրջանակում երևանցիների կողմից բարձրացված հարցերն են, որ այսօր դարձել են ծրագրային առաջնահերթություն և արդեն իսկ մեկնարկել են, որոնց ընթացքին էլ հետևում ենք մեր այս շրջայցերի ժամանակ: Ընդ որում, այս փուլում ևս հաշվի են առնվում մեր բնակիչների առաջարկները, ինչը, իմ կարծիքով, իսկապես շատ կարևոր է>>,- նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրակի փողոցի 12 և 14 շենքերի բակային տարածք:
Ամիսներ անց այստեղ բնակիչների տնօրինմանը կհանձնվի հանգստի նորաստեղծ հարմարավետ գոտի:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում իրականացվող աշխատանքների մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների շրջանում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ միասին գնահատելով աշխատանքների ընթացքը, մեկ անգամ ևս նշել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է, և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ:
Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքում հետևողականորեն իրականացվող աշխատանքների համար:
Ֆրունզեի 6/3 և 6/4 շենքերի բակում էլ արդեն ամռանը փոքրիկների տնօրինմանը կհանձնվի ֆուտբոլի նոր, փոքր խաղադաշտ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Քաղաքապետին ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

← Վերադառնալ ցուցակին