Լուրեր

Եվս 90 ավտոբուսներ համալրեցին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները

28.03.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Պատասխանատուներն ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղևորների համար ստեղծված պայմանները:
Նոր ավտոբուսները Երևան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց հիմքում միկրոավտոբուսների թիվը տարեցտարի կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է: 2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից` 2013թ. առաջին եռամսյակում:
<<Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու և միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաև նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ ևս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս>>,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում:
<<Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ>>,- ընդգծել է քաղաքապետը:

← Վերադառնալ ցուցակին