Լուրեր

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

28.03.2013

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ.-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը:
Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնե ծածկն ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի հրապարակ և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք ու հետևել այդ վայրերում իրականացվող սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ:
Այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների 5080 քմ և մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաև 86800 քմ մայթերի ասֆալտապատում:
<<Ազնավուրի հրապարակի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր: Նշված տարածքները, որոնք երևանցիների համար հանգստի սիրելի վայրերն են, արդեն շատ շուտով բարեկարգ վիճակում կհանձնենք մեր քաղաքացիների տնօրինմանը: Զուգահեռաբար տարեկան ծրագրով բոլոր վարչական շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև մայթերի բարեկարգման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում անբարեկարգ մայթերի խնդիրն ամբողջությամբ դուրս կգա օրակարգից>>,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հետևել է նաև վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
Ի պատասխան բնակիչների գոհունակության` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերվել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հրազդանի կիրճ՝ մարզասեր երևանցիների կողմից սիրված <<չռիկի>> տարածք:
Այցի առիթը քաղաքապետի կողմից մարզասեր երևանցիներին մարզական գույքի նվիրաբերումն էր: Նման խնդրանքով քաղաքապետին էին դիմել այս վայրում երկար տարիներ մարզվող երևանցիները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը, ինչպես նշում էին մարզասերները, անսպասելի արագ էր եղել:
Քաղաքապետի անակնկալ նվերից հաճելիորեն տպավորված մարզասերները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ շատերին են խնդրել օժանդակել այս հարցում, սակայն հարցին լուծում տվեց հենց քաղաքապետը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ:

← Վերադառնալ ցուցակին