Լուրեր

ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողների հարցերին

27.03.2013

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ եւ պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է եւ պայքարելու է հաղթանակի, Երեւանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար: Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, եւ նրանց միջեւ շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն եւ ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն: Այս հարցում նա բարձր գնահատեց Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ եւ փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրները օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու եւ միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը: 

← Վերադառնալ ցուցակին