Լուրեր

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

27.03.2013

 Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր, ըստ էության, վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթևացնի այդ գծով առկա պահանջարկը:
Քաղաքապետը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային: Մանկապարտեզի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Պատասխանատուները զեկուցել են, որ առաջիկայում կմեկնարկեն նաև թիվ 124 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, և արդեն տարեվերջին Նորք-Մարաշում ամբողջությամբ կլուծվի մանկապարտեզների հիմնանորոգման խնդիրը: Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրերով այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ:
<<Վարչական շրջաններում մեկնարկել են որոշ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ մի քանի տարվա ընթացքում փորձենք ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզները, որպեսզի դրանք հարմարավետ լինեն ոչ միայն երեխաների, այլև աշխատակիցների համար: Զուգահեռ այս տարի բյուջեով նաև մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար ենք միջոցներ նախատեսել և մեր նախակրթարանների համար ձեռք ենք բերելու անհրաժեշտ բոլոր պարագաները>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանում փաստացի գրանցում ունեցող երեխաների համար քաղաքապետարանի ծրագրով մանկապարտեզները կշարունակեն լինել անվճար:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թիվ 26 դպրոցին հարակից տարածքում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ծրագրի ու տարածքի բարեկարգման մանրամասները:

← Վերադառնալ ցուցակին