Լուրեր

Հայրենիքի անմնացորդ նվիրյալը

25.03.2013

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը և ո'չ էլ ճանաչումը:
Նա պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար և այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա, իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, և իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջև:
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, հանկարծամահ է եղել կյանքի 56-րդ տարում, 2007թ.-ի մարտի 25-ին: Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ: 1968 թ-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թ-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թ. ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք եւ սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան», ԵԿՄ մեդալներով։ 1992 թ. հունիսի 9-ից ՀՀԿ անդամ է, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ: 2000թ-ից ՀՀ վարչապետ էր եւ պաշտոնավարել է մինչեւ 2007թ-ը: 

← Վերադառնալ ցուցակին