Լուրեր

ՀՀ ղեկավարությունն այցելեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին

25.03.2013

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա կապակցությամբ` մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասարակական եւ քաղաքական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի այգու պանթեոն:
Հոգեհանգստյան կարգից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին եւ խնկարկեցին նախկին վարչապետի հիշատակը:

«Անդրանիկ Մարգարյանի գաղափարների հիմքում անմնացորդ նվիրվածությունն էր հայրենիքին, հայրենիքը սիրել ոչ թե վերացական, խոսքով, այլ հայրենիքը սիրել գործով: Անդրանիկ Մարգարյանը նաեւ այն պետական եւ քաղաքական գործիչն էր, որ սիրում էր յուրաքանչյուր հայ մարդու: Նա իր գործունեության ընթացքում ապացուցեց, որ հանդուժողականությունը, բարությունը, սերը նաեւ քաղաքական կատեգորիաներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` իր ողջ գործունեության ընթացքում սկսած 60-ականներից, մինչեւ իր մահվան օրը Մարգարյանի գործունեության մեջ չկար անտարբերություն:

«Եթե մի բան անում ես սիրով, ապա ունենում ես արդյունք, այդ արդյունքը մեր հասարակության սերն է, այն սփոփալի գործերն են եւ բոլորի հիշողությունը: Մենք պարտավոր ենք մեր մեջ ապրող հերոսներին միշտ բարձր գնահատել եւ դեն նետել ատելությունը` որպես քաղաքական կատոգորիա»,-նշեց Շարմազանովը` հավելելով, որ Մարգարյանն իր ողջ գործունեությամբ ապացուցել է, որ ինքը գաղափարի մարտիկ է, ուսուցիչ է երիտաարդ սերնդի համար:

«Նա ուսուցիչ էր նաեւ կոնկրետ ինձ համար, իմ ընկերների համար: Նա, շատ սիրելով իր հայրենիքը, երբեք անիրատեսական բաներ չէր ասում, եւ ամենակարեւորը քաղաքականության մեջ առաջնորդվում էր կոռեկտությամբ եւ մարդասիրությամբ»,- ավելացրեց Շարմազանովը: 

← Վերադառնալ ցուցակին