Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

22.03.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերի ընդլայնման կարևորությունը` քաղաքապետն առանձնացրել է հանգամանքը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ իրանցիներ են նախընտրում իրենց տոնական օրերը անցկացնել Երևանում: Հատկանշելով մայրաքաղաք Թեհրանի հետ կապերի ակտիվացումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները բավական դրական արդյունք են տվել. <<Հույս ունեմ, որ Թեհրանի քաղաքապետի Երևան կատարելիք հաջորդ այցի ժամանակ արդեն կստորագրվի բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, որի նախագծի շուրջ արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել>>,- նշել է Երևանի քաղաքապետը հավելելով, որ համաձայնագիրը գործընկերային կապերի ամրապնդման և ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար` դեսպան Մոհամադ Ռեիսին իր հերթին նշել է, որ հատկապես վերջին շրջանում Երևանն ավելի ու ավելի է գեղեցկանում, ինչն իր հերթին նպաստում է իրանցի զբոսաշրջիկների հոսքին: Վերջինս հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը: <<Կարծում եմ՝ սա մեր երկրների միջև բարեկամության լավագույն արտահայտումն է: Այս կարճ ժամանակում Երևանում դրական փոփոխություններն ակնհայտ են, և դրանում մեծ է Ձեր ներդրումը>>,- ասել է դեսպանը: Գնահատելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության բարձր մակարդակը և ընդգծելով, որ Երևանի հետ գործընկերային կապեր հաստատելու և ընդլայնելու ուղղությամբ շահագրգռված են նաև Իրանի այլ քաղաքներ, դեսպան Ռեիսին նշել է, որ մասնավորապես Շիրազի և Սպահանի քաղաքապետերն ուրախ կլինեն իրենց քաղաքներում հյուրընկալելու Տարոն Մարգարյանին: Դեսպանը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը կնպաստի Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` շարունակելու Երևանի և ԻԻՀ քաղաքների միջև համագործակցությունը և այդ հարցում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել Իրանի դեսպանությանը: Կարևորելով համագործակցության զարգացումն ու ակտիվացումը՝ քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկա համաձայնագրի ստորագրումը էլ ավելի կխթանի համագործակցությունը, և արդյունքները շոշափելի կլինեն համատեղ կյանքի կոչվող բոլոր ծրագրերում:

← Վերադառնալ ցուցակին