Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
22.03.2013
							 Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանների ջեռուցման խնդիրը: 
Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 36 գրադարաններից դեռևս չջեռուցվող 16 գրադարանները կապահովվեն անահատական ջեռուցմամբ, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասեր հասարակության համար գրադարաններում հարմարավետ պայմանների ապահովմանը: 
<<2012թ.-ին մենք ամբողջությամբ լուծեցինք մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների ջեռուցման հարցը: Այս տարի արդեն խնդիր ենք դրել ամբողջությամբ ջեռուցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, ինչպես նաև դեռևս չջեռուցվող մշակութային օջախները: Գրադարաններում այսօր նաև հիմնանորոգման անհրաժեշտություն կա, և առաջիկա ծրագրերում անպայման ընդգրկելու ենք նաև այդ աշխատանքները>>,- ընդգծել է քաղաքապետը: 
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման  ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ևս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: 
Կոմիտասի 48, 54, ինչպես նաև Գրիբոյեդովի 5 շենքերի բնակիչները հնարավորություն կունենան արդեն ամռանը իրենց հանգիստը անցկացնել հենց իրենց բակերում: Սպասված այս ծրագրի մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Օգտվելով առիթից՝ նրանք շնորհակալություն են հայտնել քաղաքապետին բնակիչների խնդիրներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: 
Նոր խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով կկահավորվեն նաև Ադոնցի 9  շենքի և Արաբկիր 39 փողոցի 2-րդ շենքի հարակից բակային տարածքները: Շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: 
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում, և հանգստի հարամարավետ այս գոտիները  ժամանակին կհանձնվեն բնակիչների տնօրինմանը: 
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում խաղային նոր ատրակցիոնների տեղադրմանը զուգահեռ իրականացվում են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքներ: Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Գրիբոյեդովի 13 - Մամիկոնյանց 35 շենքերի բակում ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին: 
Հարմարավետ միջավայրի կազմակերպման աշխատանքներ են սկսվել նաև  Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 1-8 շենքերի բակային տարածքում: Բարեկարգման ծրագրի մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել թաղամասի բնակիչների շրջանում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար՝ բնակիչները վստահեցրել են, որ խնամքով կվերաբերվեն իրենց բակին: 
<<Մայրաքաղաքի համաչափ զարգացման հարցում մենք որդեգրել ենք հստակ քաղաքականություն, և Արաբկիր վաչական շրջանում ևս ինչպես  բակերի համալիր բարեկարգման, այնպես էլ հանգստի գոտիների ստեղծման համար ընտրված են այնպիսի տարածքներ, որտեղ տասնյակ տարիներ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել: Շատ կարճ ժամանակ անց արդյունքներն արդեն նկատելի կլինեն ավելի քան 400 բակերում ևս>>,- նշել է քաղաքապետը:
