Լուրեր

Բրյուսելում շարունակվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստը. ադրբեջանցին փորձել է շահարկել Արցախի հարցը

21.03.2013

Մարտի 20-ին, Բրյուսելում շարունակվել է Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» ԽՎ-ի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի համանախագահ, եվրոպական խորհրդարանի անդամ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն /Լիտվա/: Զեկույցով հանդես է եկել Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Վիտայուտաս Լեշկեւիչիուսը, ով ներկայացրել է 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ գագաթաժողովի նպատակները սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղհասարակության ոլորտներում: Իր ելույթի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է գագաթնաժողովի առաջնահերթություններին` մասնավորապես նշելով ֆինանսական կայունության ապահովումը, զբաղվածությունը, քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը քաղաքական գործընթացներում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերների հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ պայմանագրերի շուրջ տարվող աշխատանքները:

Լեշկեւիչիուսը հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն կամ կնախաստորագրվեն:

Այնուհետեւ փոխնախարարն անդրադարձել է Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ ծրագրավորված միջոցառումներին, որոնք նախատեսում են բազմակողմ եւ ոլորտային համագործակցություն Արեւելյան գործընկերության երկրների հետ: Ս.թ. աշնանը նախատեսվում է անցկացնել երիտասարդական ֆորում, Արեւելյան գործընկերության բիզնես-ֆորում, նախարարների հանդիպումներ տրանսպորտի, ներքին գործերի եւ արդարադատության ոլորտներում:

Իր ելույթի ընթացքում փոխնախարարն ընդգծել է «Եվրանեսթ» ԽՎ-ի կարեւոր դերակատարումը տնտեսական ինտեգրման եւ քաղաքական ասոցացման գործընթացներում, ինչպես նաեւ նշել, որ Վեհաժողովը կարող է իր դերակատարումն ունենալ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներում:

Ադրբեջանի պատգամավոր Ա. Գուլիեւն ասել է, որ ըստ նրա, Եվրանեսթ ԽՎ-ի դերը պետք բարձրացնել` որպեսզի Եվրախորհրդարանը, բանաձեւեր ընդունելիս, խորհրդակցի նաեւ Վեհաժողովի հետ: Այնուհետեւ պատգամավորը հարց է բարձրացրել Լիտվա-Լեռնային Ղարաբաղ պատգամավորական բարեկամության խմբի ստեղծման վերաբերյալ` մեկնաբանելով այն որպես անսպասելի եւ անընդունելի քայլ:

Պատասխանելով Գուլիեւի հարցերին` Լեշկեւիչիուսը նշել է ԵՄ-ի եւ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնվելով գոյություն ունեցող ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձեւաչափի վրա: Անդրադառնալով Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամական խմբի ստեղծմանը` փոխնախարարն ընդգծել է, որ իրավասու չէ մեկնաբանել իր երկրի խորհրդարանի գործողությունները:

Արձագանքելով հնչեցված հարցերին` Ա. Զաքարյանը կոչ է արել Եվրանեսթի հարթակը չօգտագործել շահարկումների համար եւ նշել, որ հակամարտություններին արվող ցանկացած անդրադարձ պետք է ամբողջովին դրսեւորվի գործող ձեւաչափերի շրջանակներին համահունչ` հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համահավասարությունը: Օգտվելով առիթից Զաքարյանը նաեւ շնորհակալություն է հայտնել լիտվացի պատգամավորներին համարձակ եւ արդարացի նախաձեռնության համար, նշելով, որ դա վկայությունն է այն բանի, որ Լիտվայի խորհրդարանում գերակայում են ժողովրդավարական արժեքները ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների նվիրվածությունը:

Նիստի օրակարգն ընդգրկում էր նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության չորրորդ` «Մարդկանց միջեւ շփումների» պլատֆորմի շրջանակում իրականցված միջոցառումների ներկայացումը: Այս հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել պլատֆորմի նախագահ Ժորդի Քյուրելը: Նա ներկայացրել է այս ոլորտում իրականացվող երիտասարդական, կրթական, հետազոտական, մշակութային ծրագրերը: Այնուհետեւ նա պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նիստի վերջում պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի ապագա գործունեությանն ու առաջնահերթություններին: Ադրբեջանցիների հիմնական առաջարկն էր ապագայում Եվրոնեսթի շրջանակներում կազմակերպել լայն քննարկումներ հակամարտությունների շուրջ, որը հայկական պատվիրակության հիմնավորումներով ու եվրոպական գործընկերների աջակցությամբ մերժվել է:

Հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո, եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել համանախագահներ Լայմա Անդրկիենեի եւ Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը:

Համանախագահները ներկայացրել են երկօրյան նիստի ընթացքում քննարկվող հարցերը եւ հանձնաժողովի կողմից նախանշված ապագա գործողությունները` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նույն օր ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորների հետ` քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող օրակարգային հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին