Լուրեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում. նույնականացման քարտը փոխարինում է անձնագրին
21.03.2013
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Մինչև օրակարգին անցնելը ձեր ուշադրությանը կներկայացնեմ երկու հարց։ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը։ Ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա և իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել և պետությունն ինչպես և ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։ Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման` ID քարտերով։ Այսօր մենք ստանում ենք մեր քաղաքացիներից հարցադրումներ, թե արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից, և իրենցից չպետք է պահանջեն անձնագիր։ Ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID-քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID-քարտից, պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին։
Խնդրո առարկայի վերաբերյալ բացատրություն և պարզաբանում են տվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մենք ահազանգեր ենք ստանում, մասնավորապես, «Վան» ռադիոկայանի բլոգներում կան օրինակներ, թե որտեղ, որ մարմիններում հրաժարվում են միայն ID-քարտով սպասարկելուց և պահանջում են նաև անձնագիր։
Հիմա անցումային փուլ է, և պետք է բոլոր մարմինները սովորեն աշխատել այդ քարտերով։ Մենք մինչև տարեվերջ պետք է որակապես փոխենք իրավիճակը, և մեր ենթակառուցվածքները պատրաստ լինեն մեր քաղաքացիներին ID-քարտերով սպասարկել, որովհետև հունվարի մեկից հետո եթե 270 հազար քաղաքացի այդ ID-քարտերով սկսեն իրենց աշխատանքները, կարող ենք խնդիրներ ունենալ, եթե կառույցները պատրաստ չլինեն։ Ասենք, օրինակ, նոտարները, պետք է աշխատենք իրենց հետ, որպեսզի իրենք այդ քարտերը կարդացող սարքեր տեղադրեն և քաղաքացուն չուղարկեն անձնագրի հետևից։
Եթե օրենսդրությունը պահանջում է, որ եթե քաղաքացին ներկայացնում է նույնականացման իր քարտը, ուրեմն պարտավոր են ծառայությունը մատուցել այդ քարտով։ Տեղեկանք ներկայացնելն անհարմարություն է քաղաքացու համար. նա գալիս է նույնականացման քարտով, ուղարկում ենք, որ տեղեկանք բերի, դա նույնն է, որ ուղարկես անձնագիր բերի։
Հիմա մեզ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կենսաթոշակային ռեֆորմի ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն նույնականացման քարտով է հնարավոր` անվտանգությունն ապահովելու համար։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք այդ քաղաքացիների համար միջավայր ստեղծել և փուլ առ փուլ, ամեն ամիս երևի պետք է քննարկենք այս հարցը, տեսնենք, թե որտեղ են մնացել ծառայություն մատուցող պրոբլեմային օղակներ, որտեղ չեն ընդունում նույնականացման քարտեր։
Այս պահի դրությամբ Հայաստանում բավարար քանակի քարտ կարդացող սարքեր ունենք, և կարող ենք ամբողջությամբ բավարարել։
Բոլոր գերատեսչություններին հանձնարարական կիջեցնենք, որ օրենքի այդ նորմը կիրառելի դարձնեն։ Հանձնարարականներ իջեցնենք, որպեսզի պատրաստ լինենք 2014 թ. հունվարի մեկից ծառայություններ մատուցենք բոլոր քաղաքացիներին։
2013-ն սկսել ենք բարձր ցուցանիշներով
Երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ. Ազգային վիճակագրական ծառայության կողմից հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներն են հրապարակվել։ Մենք տեսնում ենք, որ բավական բարձր ցուցանիշներով ենք սկսել 2013 թվականը։ Գնահատում ենք տնտեսական աճի ցուցանիշը, բայց երբ ծանոթանում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռևս կան խնդիրներ։ Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսևորել, և մենք պետք է պահպանենք այդ տեմպերը 2013 թվականին։ Բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը. 2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրեցինք անկման միտումը շինարարության ոլորտում և արձանագրեցինք տարվա արդյունքներով կես տոկոսանոց աճ շինարարության ոլորտում։ Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, և հասկանալի է, որ 2013 թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում։ Պարոն Դավթյան, անհրաժեշտ է, որպեսզի Դուք, քաղաքաշինության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը Կենտրոնական բանկի հետ միասին շինարարության ոլորտի վերաբերյալ մեծ խորհրդակցություն կազմակերպեք, հրավիրեք այդ ոլորտի բոլոր ակտիվ մասնակիցներին և հասկանանք, թե պետությունն ինչով պետք է օժանդակի, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի շինարարության ոլորտում վերականգնենք աճի նորմալ, բնականոն ծավալներ։ Այդ առաջարկությունները համատեղ քննարկելուց հետո դարձնենք, եթե անհրաժեշտություն կա, կառավարության որոշում, ամրագրենք մեր պարտավորությունները, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել։