Լուրեր
Ավարտվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը
21.03.2013
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստը սկսեց Լիտվայի եւ Ֆրանսիայի խորհրդարանականներին ուղղված շնորհակալական խոսքով՝ Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման համար.
«Հարգելի գործընկերներ,
Ինչպես գիտեք, Լիտվայի Հանրապետության Սեյմում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ, իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Սենատի մի խումբ անդամների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների, նախկին պատգամավորների եւ մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ, եւ կոչ են արել վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել լիտվացի եւ ֆրանսիացի մեր գործընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են այդ նախաձեռնությունների ակունքներում»:
Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին արդեն քննարկված օրինագծերը:
Խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումը:
Պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Խոսրով Հարությունյանը մտքերի փոխանակման ժամանակ ողջունեցին Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունների համակարգերը կատարելագործելու կառավարության ցանկությունը: Անդրադառնալով մասնագետների վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացներին՝ նրանք կարեւորեցին առավել պարզեցված ընթացակարգեր ներմուծելու հարցը: Ինչպես նկատեցին պատգամավորները, այս երկու կառույցների վրա մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ շատ դեպքերում երկրի մասին պատկերացումները ձեւավորվում են հենց նրանց աշխատանքով:
Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը եւ հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն իրենց ամփոփիչ ելույթներում շեշտեցին, որ քննարկվող նախագծերն իսկապես էական ազդեցություն ունեն ամբողջ գործարար դաշտի վրա, եւ որ հնչած բոլոր առաջարկություններն անպայման ուշադրության կարժանան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի վավերացման մասին հարցը: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Իրանի միջեւ մյուս կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցումը՝ նրանց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու համար: Համաձայանգրով սահմանվում են չափանիշները, փոխանցման ընթացակարգը:
Պատգամավորները հիմնական զեկուցողին ուղղված հարցերում հետաքրքրվեցին Հայաստանում եւ Իրանում մյուս երկրի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների թվաքանակի մասին վիճակագրությամբ, դինամիկայով:
Պատասխանելով Ալեքսանդր Արզումանյանի հարցին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հստակեցրեց, որ հարցը վերաբերում է միայն ազատազրկվածներին, իսկ Իրանում կիրառվող մահապատժի պրակտիկայի դեպքերը դուրս են այս համաձայանագրի կիրարկման շրջանակներից:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներով, տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու հանգամանքով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալը անկյունաքարային անվանեց նոր օրենքով նախատեսվող՝ ԱՊՊԱ կտրոնների վերացման հարցը: Կատարվելիք փոփոխությունների արդյունքում՝ ավտոտրասպորտային միջոցի նկատմամբ միայն սեփականության իրավունքի պետական գրանցումը (եթե հաշվառում չի անցնում) չի ենթադրում ԱՊՊԱ պայմանագրի անհրաժեշտություն:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերում օրենքի կարգավորման խնդիրներից բացի պատգամավորներն անդրադարձան նաեւ խցանումների, ճանապարհային երթեւեկության մի շարք այլ խնդիրների:
Գլխադասային՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթը մանրամասն քննարկվել եւ լրամաշակվել է: Հարակից զեկուցողը կարեւոր փոփոխություն համարեց ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացն ավտոտրանսպարտային միջոցների հաշվառման գործընթացից տարանջատելը:
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկներ եւ դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրեց հիմնական զեկուցողը, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Նա տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու վերաբերյալ դրույթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ինտերնետային կայքերի միջոցով ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է եւ հավաստի: Նկատի ունենալով, որ քաղաքացիության դիմումների քննարկումը գործնականում չի գերազանցում 6 ամիսը, օրինագծով առաջարկվում է մինչեւ 1 տարի ժամկետը նվազեցնել եւ սահմանել մինչեւ 6 ամիս: Նաեւ առաջարկվում է ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հավհաննես Սահակյանը: Պատգամավորը կարեւոր համարեց ժամկետներին վերաբերող փոփոխությունը:
Արթուր Օսիկյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրել նաեւ այն անձանց, ովքեր ժամանակին ստացել են սոցիալական ապահովության քարտ, սակայն հրաժարվում են դրանից կամ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 419-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացել են հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանք եւ հրաժարվում են դրանից:
Արթուր Օսիկյանի տեղեկացմամբ՝ այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նա պատգամավորներին առաջարկեց հավանության արժանացնել նախագիծը:
ՀՀ կառավությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիան (փոփոխություններով), որի նպատակն է նպաստել առեւտրի եւ փոխանակումների զարգացմանը` պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով մաքսային ընթացակարգերն ու գործելակերպը, խթանելով միջազգային համագործակցությունը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայում կոնվենցիան միացել է 76 երկիր:
Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը կողմ է կոնվենցիային միանալուն:
Պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառները եւ ջրային համակարգը: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը:
Էներգետիկայի բնագավառում մատակարար-սպառող հարաբերություններում առաջացած խնդիրների կարգավորման եւ սպառողների սպասարկման որակի բարելավման նպատակով 2012 թվականին որոշ փոփոխություններ են կատարվել էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում:
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաեւ էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացը, որը էական փոփոխությունների է ենթարկվել նաեւ ընթացիկ տարում. եւս մեկ անգամ փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար կրճատվել են միացման ժամկետները, մշակվել եւ ընդունվել է էլեկտրոնային դիմումների ներկայացման նոր կարգ: Այն կգործի 2013 թվականի հունվարի 1-ից եւ հնարավորություն կընձեռի էլեկտրական ցանցին միանալու ցանկություն ունեցող բոլոր անձանց փաստաթղթեր ներկայացնել դրանք ընկերության վեբ կայք ներբեռնելու միջոցով:
Փոքր եւ միջին ձեռնարկատիրութան ներկայացուցիչներին, ինչպես նաեւ բնակչությանն աջակցելու նպատակով հանձնաժողովը նվազեցրել է ինդուկցիոն հաշվիչները էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված կանխավճարի չափերը: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից միաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 20000 դրամ կանխավճարի չափը նվազեցվել է 10000 դրամի, իսկ եռաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 120000 դրամ կանխավճարի չափը՝ 50000 դրամի:
Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաեւ գիշերային զեղչ սակագների կիրառման ժամերում, համաձայն որի յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում գիշերային զեղչ սակագները գործում են 22:00-ից մինչեւ 6:00-ն, իսկ մնացած ժամանակահատվածում՝ ժամը 23:00-ից մինչեւ 07:00-ն:
Հանձնաժողովը 2012 թվականին շարունակել է հեռահաղորդակցության բնագավառում կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականության գերակայությունները՝ 2013 թվականին հանձնաժողովը շարունակելու է աշխատանքներ տանել բնագավառում արդար եւ բաց մրցակցության երաշխավորման ու էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության աշխարհագրության մեծացման եւ մատչելիության ապահովման ուղղությամբ:
Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2013 թվականին շարունակվելու է ամրակցված հեռախոսային ցանցերի թվայնացման գործընթացը հանրապետության ողջ տարածքում: Նախատեսում է նաեւ ավարտել հանրային ամրակցված հեռախոսացանցի բաժանորդային գծերի համատեղ օգտագործման կանոնակարգի մշակման աշխատանքները:
Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ նաեւ ինտերնետ ծառայությունների արդիականացմանն ու բաժանորդագրությանը՝ տեղեկացնելով, որ 2012 թվականին բաժանորդների քանակը հանրապետությունում հասել է 1մլն 869 հազարի:
Նա տեղեկացրեց, որ 2013 թվականին կշարունակվեն հեռախոսների թվայնացման ու հեռախոսակապի արդիականացման աշխատանքները, իսկ տարվա վերջին հանրապետությունն ամբողջովին կապահովվի բջջային ծածկույթով: Հանձնաժողովը խստորեն կհետեւի նաեւ խմելու ջուր մատակարարող ընկերությունների աշխատանքի որակի վերահսկման գործընթացին եւ ամեն ինչ կանի ջրամատակարարման տեւողության մեծացման համար:
Ընթացիկ տարում կավարտվեն նաեւ կարգավորվող ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման համակարգված մոտեցում պահանջող փաստաթղթավորման, անհատական հաշվարկային պլանների, ֆինանսական հաշվետվությունների ձեւերի մշակման աշխատանքները:
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2013 թ. գործունեության ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի դրական տեսակետը՝ գործընկերների ուշադրությունը հրավիրելով ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաեւ կարգավորվող ոլորտի ընկերությունների վերահսկողության խստացման եւ սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտության վրա:
Ազգային ժողովը քննարկեց նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա ներկայացրեց 2012 թվականին գրանցված հակամրցակցային երեւույթները՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովը պատասխանատվության միջոցառումների վերաբերյալ 214 որոշում է ընդունել, կիրառել է տուգանքներ, որի արդյունքում պետական բյուջե է մուտք եղել շուրջ 350 մլն դրամ: Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի իրականացրած հակամենաշնորհային, ինչպես նաեւ ներքին շուկայում մրցակցության ուժգնացմանը նպաստող քաղաքականության շնորհիվ հանրապետությունն առաջանցիկ տեմպեր է գրանցել: Հանձնաժողովը գնումներին վերաբերող խախտման բազմաթիվ դեպքեր է արձանագրել տարբեր կազմակերպություններում, բենզինի ներկրման, խմելու ջրի ծառայություններում, էլեկտրոցանցերի եւ մի շարք կարեւորագույն շուկաներում բացահայտել է մրցակցային կանոնների չարաշահման դեպքեր ու պատասխանատվության ենթարկել այդ կազմակերպություններին:
Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը շարունակում է կատարել տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծություն, սահմանում է մրցակցային քաղաքականության գերակա ուղղությունները, ապրանքային շուկաներում մրցակցության խթանման համար անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում, մշակում է մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված կարգավորման տարբեր մեխանիզմներ:
Հարցի քննարկումն ընդհատվեց. ավարտվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը Ազգային ժողովը կշարունակի քննարկել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում: