Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
20.03.2013
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում:
Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսական է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը սեփական օրինակով փաստեց, որ կինը կարող է կայացած լինել թե ընտանիքում, թե իր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եթե դրսեւորում է կամք եւ շրջապատված է քաղաքակիրթ մարդկանցով, որոնք չեն առաջնորդվում «կամ...կամ»-ի բանաձեւով:
Անդրադառնալով միջազգայնագետի մասնագիտությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հատկապես նորանկախ պետության համար չափազանց կարեւոր է լավ դիվանագետներ ունենալը. մեծ են սպասելիքներն արդիական հայացքներ ունեցող նոր սերնդից: Երիտասարդներին Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց ճիշտ կշռել եւ օգտագործել իրենց հնարավորությունները:
Ուսանողների խնդրանքով՝ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի: