Լուրեր

Բրյուսելում կայացել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստը. ադրբեջանցուն դուր չի եկել «փակ սահմաններ» արտահայտությունը

20.03.2013

Մարտի 19-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» ԽՎ-ի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր՝ մարտի 20-ին:

Նիստը վարող` հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ երկօրյա նիստի օրակարգը բավական հագեցած է եւ առավելագույնս արտացոլում է հանձնաժողովի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության առաջնահերթ խնդիրները: Նիստի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորներ: Թեեւ ադրբեջանցի պատգամավորի արտահայտած դժգոհությանը, հանձնաժողովը քվերակությամբ հաստատել է Բաքվում տեղի ունեցած նախորդ նիստի սղագրությունը, որտեղ ավելացվել է նաեւ Ա.Զաքարյանի կողմից ելույթում հնչեցված այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ իրավականորեն, եւ ոչ էլ պատմական տեսանկյունից երբեք չի եղել ադրբեջանական տարածք:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է «Արեւելյան գործընկերության երկրներում աղքատության եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարը» զեկույցը, որը պետք է ընդունվի Վեհաժողովի կողմից մայիսի 27-29-ը Բրյուսելում կայանալիք լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակներն են հանդիսանում Եվրանեսթի ԽՎ-ի Սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ Եվրոպական Խորհրդարանի անդամ, ԵԺԿ-ական Էլզբիետա Կատարժինա Լուկաշիեւսկան: Վերջիններս հակիրճ ներկայացրել են զեկույցը եւ պատասխանեցին ներկաների հարցերին:

Այնուհետեւ խորհրդարանական վեհաժողովի անդամ պատգամավորները հանդես են եկել զեկույցում լրացումներ կատարելու առաջարկություններով: Ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիեւն անդրադարձել է զեկույցի այն կետերին, որոնք ներառում են «փակ սահմաններ» արտահայտությունը` նշելով, որ նախեւառաջ պետք է հասկանալ պատճառը, թե ինչու են սահմանները փակ, ըստ նրա պատճառը Հայաստանի կողմից որոշ տարածքների օկուպացումն է:

Արձագանքելով ադրբեջանցի պատգամավորի ելույթին` Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ զեկույցի նախագծում նշված փակ սահմանների արտահայտությունը նախեւառաջ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանին, որը համարվում է Եվրոպայում միակ փակ սահմանը: «Այսօր խելամիտ չէ խոսել երկու երկրների միջեւ սահմանների բացման մասին, երբ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական բոլոր սահամնային բնակավայրերը, երբ ունենք ոչ պատերազմական, բայց նաեւ ոչ խաղաղ պայմաններ: Հետեւաբար զեկույցն ի նկատի ունի Եվրոպական ողջ տարածաշրջանում միակ փակ սահմանը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը», - հավելել է հանձնաժողովի համանախագահը:

Զեկույցի համահեղինակ, ԵԽ պատգամավոր Լուկաշիեւսկան եւս անդրադառնալով ադրբեջանցի պատգամավոր ելույթին նշել է, որ զեկույցում առավելապես ընդգրկված են սոցիալական խնդիրներ եւ պետք չէ այն անհարկի քաղաքականացնել:

Արեւելյան գործընկերության երկրներում աղքատության եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարը թեմայով ելույթ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեա Ֆոնտանան եւ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Կարիտաս Յուրոփ /Caritas Europe/ կազմակերպության խորհրդատու Արթուր Բենեդիկտովիչը: Բանախոսները ներկայացրել են այս ոլորտում ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների միջեւ երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաեւ թեմատիկ համագործակցության ծրագրերը:

Նիստի օրակարգը ընդգրկում էր նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը: Այս հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի քաղհասարակության հարցերով պատասխանատու Ալեքսանդրա Ներիսանուն եւ քաղաքացիական հասարակության ֆորումի «Յունիա էնդ Պոլսկա» կազմակերպության /Unia &Polska/ հիմնադիր եւ նախագահ Կրժիշտով Բոբինսկին: Բանախոսները մասնավորապես ներկայացրել են Արեւելյան գործընկերության ոլորտներում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը` ուղղված մարդու իրավունքների եւ մամուլի ազատականացման ոլորտներում բարեփոխումների իրականացման աջակցությանը, ԱլԳ երկրներում բյուջետային գործընթացների թափանցիկության եւ վերահսկման ապահովմանը, ցանցերի հաստատմանն ու ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել այդ ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսական հատկացումներին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության հետ բազմակողմ եւ երկկողմ փոխգործակցության ԵՄ ծրագրերին` դրանց նպատակներին, ընթացքին ու արդյունքներին:

Ելույթներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում եւ հարց ու պատասխան, որի ընթացքում Ա. Զաքարյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակության շրջանակում ԵՄ-ի կողմից նախաձեռնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար Եվրոպական Գործընկերություն ծրագրին` հարց ուղղելով ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների, արձանագրված ձեռքբերումների եւ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Պարոն Զաքարյանը հետաքրքրվել է, թե ինչպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Եվրանեսթ ԽՎ-ի պատգամավորները կարող են աջակցել այս ծրագրին:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Եվրոպական հանձնաժողովը գրավոր կերպով կպատասխանի հայկական պատվիրակության հարցին:

Նիստի ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության խնդիներ: Թեման ներկայացրել է Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի տնօրեն Վիրջինիա Լանգբեքը, ով մանրամասն անդրադարձ է կատարել այս ոլորտում ԵՄ-ի ներկա խնդիրներին, առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականություններին:

Նիստը կշարունակվի մարտի 20-ին, որտեղ զեկույցով հանդես կգա Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Վիտայուտաս Լեշկեւիչիուսը, ով, ըստ նախատեսված օրակարգի, կներկայացնի 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ գագաթաժողովի նպատակները սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղհասարակության ոլորտներում:

Այսօր հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո, եվրոպառլամենտի շենքում տեղի կունենա համանախագահներ Լայմա Լուսիյա Անդրկիենենյի եւ Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը: 

← Վերադառնալ ցուցակին