Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկած աշխատանքների ընթացքին

19.03.2013

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 138 և Սեբաստիայի փողոցին հարակից 28-ից 30 շենքերի բակերը կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով: Կարևորելով համատեղ աշխատանքի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում:
<<Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն սկսկել են մեծ ծավալի աշխատանքները, և հատկանշական է, որ այստեղ հաջողված է քաղաքապետարան-վարչական շրջան-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետարանի տարեկան ծրագրից բացի, այս վարչական շրջանում մասնավորի հետ համատեղ բազմաթիվ բակեր ենք հանձնել մեր բնակիչներին: Մենք փորձելու ենք մյուս վարչական շրջաններում ևս ակտիվացնել նմանատիպ համագործակցությունը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի, ինչպես նաև Շերամի և Օհանովի փողոցների շենքերին հարակից բակերի բարեկարգման ընթացքին:
Քաղաքապետի այցելության պահին բակային տարածքներում արդեն փոխվում էին եզրաքարերը, սալապատվում ճեմուղիները, որոշ հատվածներում էլ բակերը մաքրվում էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից:
Վարչական շրջանի բնակիչների հավաստմամբ` իրենք սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և հիմնականում իրենց ձեռքով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Բացի այդ, բնակիչները նաև գոհունակություն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու հանգստի գոտի ունենալուն, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում:
Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին զեկուցել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախանշված ժամկետներում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Ա 2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին: Այս խնդիրն, ի դեպ, թաղամասի բնակիչների կողմից բարձրացվել էր քաղաքապետի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ: <<Երևան Ջուր>> ընկերության տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ շուրջ 700 գծամետր ձգվող այս նոր ջրագծի անցկացման արդյունքում թաղամասը կապահովվի կայուն ջրամատակարարմամբ:
Իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով այս տարի մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնց ընթացքը քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է. <<2013թ.-ին 2,5 մլրդ դրամի աշխատանքներ են նախատեսվել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով: Երևանում այսօր ունենք 320 հազար բաժանորդ, որոնց մոտ 70%-ն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երևանում>>,- նշել է քաղաքապետը:

← Վերադառնալ ցուցակին