Լուրեր
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
18.03.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում քաղաքապետը ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող և արդեն սկսված աշխատանքների ընթացքին:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարավետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք երախտագիտություն են հայտնել քաղաքապետին:
Տարոն Մարգարյանն էլ, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. <<Ինչպես և խոստացել էինք մեր բնակիչներին, այս տարի ևս մեր ծրագրերն ուղղված են Երևանի համաչափ զարգացմանը, և այս համատեքստում համայնքի բյուջեով նախատեսել ենք ևս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքներ: Ծրագրերի մեկնարկն արդեն տրված է, և բոլոր վարչական շրջաններում առաջիկայում նկատելի կդառնա աշխատանքների ընթացքը>>,- նշել է քաղաքապետը:
Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանի բնակիչները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հանրակացարանի 4-րդ կարգի վթարային դարձած մասնաշենքից իրենց տեղափոխման երկարամյա հարցին արագ արձագանքելու և ընթացք տալու համար: Քաղաքապետը տեղեկացրել է շահառուներին, որ մինչև տարեվերջ Աջափնյակ վարչական շրջանում կավարտվի նոր շենքի կառուցումը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Էրեբունի վարչական շրջանում արդեն մեկնարկած բակերի համալիր բարեկարգման ծրագրի ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Արցախի փողոցի մի շարք բակերում, ինչպես նաև Նոր Արեշ թաղամասում նախատեսվող ծրագրերի ընթացքը, որոնց շրջանակում արդեն իսկ մեկնարկել էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից մաքրման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքները:
Ծրագրի համաձայն՝ խաղային ատրակցիոններով, մարզական գույքով ու ֆուտբոլի խաղադաշտով կկահավորվի նաև Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքը, որը կհամալրի Էրեբունի վարչական շրջանի նորաստեղծ հանգստի գոտիների շարքը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր է:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև Էրեբունի վարչական շրջանում ընթացող գարնանային մաքրման, ծառերի էտման և ձևավորման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բարեկարգվող բակերում ու հանգստի գոտիներում ևս լուրջ ուշադրություն դարձնել կանաչ գոտիների ստեղծմանն ու ոռոգման համակարգի ապահովմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս տարի Երևանի զարգացման ծրագրի շրջանակում <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը ևս կապահովվի անհատական ջեռուցմամբ:
<<Երևանում կա 20 թանգարան, որից չորսը քաղաքապետարանի ենթակայության են: Չորս թանգարաններից երկուսն արդեն ապահովված են ջեռուցմամբ, մյուս երկուսը, որից մեկը Էրեբունի թանգարանն է, ունեն ջեռուցման խնդիր: 2013թ. բյուջեով մենք նախատեսեցինք այդ երկու թանգարանների ջեռուցման հարցը ևս կարգավորել: Մոտ օրերս աշխատանքների մեկնարկն արդեն կտրվի, և այս տարվա ծրագրով քաղաքապետարանի ենթակայության բոլոր թանգարանների ջեռուցման հարցն այլևս դուրս կգա օրակարգից>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին ու իր գրառումն է թողել պատվո հյուրերի գրքում: