Լուրեր

Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը

14.03.2013

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը։ «Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, և այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մենք պայմանավորվեցինք, որ մի այդպիսի խորհրդակցություն անցկացնենք։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն բանին, որ միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, և խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։ Հիմա մեր առջև խնդիր է դրված, որ հասկանանք` ինչ է կատարվում այս բնագավառում, և ինչպես այս խնդիրը լուծենք։ Մի կողմից` երևի առևտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետև նաև մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։ Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել»։
Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` վարչապետն առաջարկել է ուսումնասիրել, թե կա մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։
Նիստում հավանության են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունն ապահովող երաշխիքները, դատավորի թեկնածուների համալրման ցուցակի, ինչպես նաև հավակնորդների անունների հրապարակայնությունը և այլն։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը` կառավարությունը դրա հանդեպ սկզբունքային առարկություն չի ներկայացրել։ Հեղինակն առաջարկում է վերացնել երկու օրենսգրքերի որոշակի անհամապատասխանությունները, որոնք վերաբերում են սոցիոլոգիական հարցման արդյունքները հեռուստատեսությամբ և ռադիոյով հրապարակելուն ներկայացվող պահանջներին և դրանց խախտման համար նախատեսված տուգանքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ քննարկել օրինագծի մանրամասները, հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։
Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, ինչպես նաև կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` կառավարությունն առաջարկում է խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։ Այս երկու պատգամավորները հանդես են եկել նաև «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքի վրա կդնի դրանց գործունեությունը։ Գործադիրն սկզբունքորեն ընդունելի է համարում առաջարկվող գաղափարը` հայտնելով, որ ՀՀ կառավարությունում մշակվել և այժմ քննարկման փուլում է համանման օրենքի նախագիծը։ Վերջին երկու օրինագծերի վերաբերմամբ նույնպես վարչապետը կարևորել է համագործակցությունը դրանց հեղինակների հետ` փոխադարձ ընդունելի փաստաթուղթ ստեղծելու և Ազգային ժողով ներկայացնելու համար։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Կզարգանա գիտելիքի վրա հիմնված ներուժը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին, որոնցից մեկի նպատակն է թեթևացնել ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բուհերում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը։ Այսպիսով, կառավարությունը, բացի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, պետք է հատկացնի նաև վարկի տոկոսագումարի սուբսիդավորման միջոցները (բոլոր շահառուների համար` 2 տոկոս, նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3 տոկոս)։ Հաշվարկների համաձայն 2013 թ. ընթացքում 10 տարի մարման ժամկետով առաջին 4 տարվա համար կտրամադրվի մոտավորապես 4 մլրդ դրամի վարկ, սուբսիդիայի տրամադրման համար միայն այս տարի անհրաժեշտ կլինի 21 մլն 500 հազար դրամ, որը և հատկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այս որոշումը և ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել լրատվամիջոցների աջակցությամբ հանրությանը հասցնել դրա մանրամասներն այն հաշվով, որպեսզի ուսանողները, նրանց ծնողները քաջատեղյակ լինեն իրենց համար պետության ստեղծած հնարավորություններին, իմանան, թե ում պետք է դիմեն և ինչ փաստաթղթեր ներկայացնեն։
Հիմք ընդունելով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը` գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում և փոփոխություն, որոնց նպատակն արտոնագրային վճարի համակարգում ներառված գործունեության որոշ տեսակների համար գոտիականություն սահմանելն է։ Որոշումը տարածվում է ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեության, վարսավիրական ծառայության մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի և գործունեության մի քանի այլ տեսակի վրա, որոնց կազմակերպման համար հիմք է ընդունվում Երևան քաղաքի գոտիականությունը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել պետբյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատող իր նախկին որոշման մեջ. սահմանվել է, որ պետբյուջեից տրամադրված վարկերի պայմանները կարող են փոփոխվել միայն ՀՀ կառավարության որոշման հիման վրա։
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունված երկու որոշումներում։ Դրանց համաձայն Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքը կիրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում, որի արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կհատկացվի աշխատանքային տարածք, ինչը կնպաստի վերջինիս գործառույթների արդյունավետության բարձրացմանը։

Այլընտրանքային նշանն անցումային կարգավորում է ապահովում

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը, որոնք ժամանակավորապես, մինչև ՀՀ օրենսդրության ամբողջական և լիակատար մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը, կկիրառվեն մեր երկրում. փաստաթղթի հանգամանալից քննարկմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությունը` այն քննարկել նաև մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին,
- պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը, որը համապատասխանում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթներին։
ՀՀ կառավարությունը սահմանել է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից բժշկական այլ կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը։


Այլ որոշումներ

Իր որոշմամբ կառավարությունը բաշխել է ՀՀ 2013 թ. պետբյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները։ Ամեն տարի ընդունվող իրավական ակտի համաձայն` ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններն ստացված գումարն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական և մշակութային խնդիրների լուծման նպատակով։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները և սպասարկող անձնակազմն ապահովվեն համապատասխան բնակելի տարածքով։
ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2013 թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի սան Սարգիս Խանդանյանին։

← Վերադառնալ ցուցակին