Լուրեր
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
11.03.2013
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 11-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեքսանդր Արզումանյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը:
Անդրադառնալով վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու բանաձեւին՝ չեխական կողմը նշեց, որ դա Չեխիայի Հանրապետության արտգործնախարարության մոտեցումը չէ եւ ցավալի է, որ տեղի է ունեցել նման դեպք: Ելիշկա Ժիգովան նշեց, որ ընդունելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Չեխիան շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը եւ չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել:
Երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:
Ողջունելով Հայաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետը նշեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում շատ ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ, եւ Չեխիան շահագրգռված է նպաստելու այդ համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: