Լուրեր
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
28.02.2013
Փետրվարի 28-ին խորհրդարանը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Մինչեւ օրակարգին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը՝ նշելով. «Հարգելի պատգամավորներ, այսօր լրանում է Սումգայիթի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպվեց եւ իրականացվեց հանցագործություն, որի հետեւանքով սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ, մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին: Եվ՛ Սումգայիթում, եւ՛ երկու տարի անց՝ Բաքվում հայերի նկատմամբ իրականացվեց իսկական ցեղասպանություն, որը հետեւանք էր ադրբեջանական այլատյացության ու հատկապես՝ հայատյացության: Երեւույթներ, որոնք այսօր էլ շարունակվում են իշխանությունների մակարդակով, աջակցություն են ստանում Ադրբեջանում»,-նշեց Ազգային ժողովի նախագահը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ քննարկվող հարցը չափազանց զգայուն է: Նրա խոսքով՝ այն, որ իսկապես խնդիր կա, միանշանակ է: Պատգամավորը սակայն մտահոգություն հայտնեց այն խնդրի վերաբերյալ, թե ինչ չափանիշերով է ստեղծվելիք հանրապետական հանձնաժողովը որոշելու թե այլընտրանքային ծառայության անցնող երիտասարդը իսկապես կրոնական այլ համոզմունք ունի, պացիֆիստ է, թե սովորական դասալիք: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց խնդիրն ամրագրել օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ` նշելով, որ հակառակ դեպքում անխուսափելի կլինի սուբյեկտիվ գործոնը: Պատգամավորը նաեւ անհրաժեշտ համարեց հարցի շուրջ խորհրդարանական լսումների կազմակերպումը:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ օրենքի նախագիծն առնչվում է Հայաստանի համար կարեւոր այնպիսի խնդիրների, որոնք են` պետության անվտանգությունը, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, ռազմահայրենասիրական սերնդի պատրաստումը: Օրենսդրական նախաձեռնությունը միտված է կարգավորելու կրոնական այլ դավանանք եւ համոզմունք ունեցողների հարցը, խնդիր կա նաեւ եվրոպական կառույցների պահանջների համապասխանեցման: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ անհրաժեշտ է հստակեցնել այդ հաշվեկշիռը: Պատգամավորի խոսքով՝ մինչեւ օրենքի ընդունումը օրենսդրական փաթեթի վրա աշխատելու ժամանակ կա, ուստի հնարավոր է, հաշվի առնելով առաջարկները, այն բերել վերջնական տեսքի, որպեսզի ծառայի մարդու իրավունքների պաշտպանությանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է հիմնականում մարդու իրավունքներին: Ըստ նրա՝ փոփոխությունները կատարվում են առաջին հերթին քաղաքացիների համար: Էդմոն Մարուքյանը համակարծիք է՝ արդյունավետ կլինի, եթե այլընտրանքային ծառայողին որոշելու չափանիշները սահմանվեն օրենսդրորեն, ոչ թե այն վերապահել հանձնաժողովին կամ կառավարությանը: Նա վկայակոչեց սահմանադրության համապատասխան դրույթը, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը, ուստի, նրա խոսքով, անհրաժեշտ է թույլատրել, որ այդ խմբի քաղաքացիներն էլ յուրովի ծառայեն հայրենիքին:
Վահրամ Բաղդասարյանը, օրինագծերի փաթեթի շուրջ առարկություններ ներկայացնելով, անհրաժեշտ համարեց զարգացնել հանրակրթական հաստատություններում ռազմահայրենասիարական ուսուցման մեթոդները, ամրապնդել ազգային արժեքներն ու ավանդույթները, քանի որ, պատգամավորի կարծիքով՝ այդ խմբի քաղաքացիներն աստիճանաբար ընդլայնում են իրենց շարքերը: Պատգամավորը համաձայն չէ նրանց ծառայության համար օրինագծի սահմանած որոշակի տարածությանը վերաբերող դրույթի հետ: Վահրամ Բաղդասարյանի առաջարկն է` այլընտրանքային ծառայությունը կազմակերպել սահմանամերձ շրջաններում:
ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ նկատեց, որ միանշանակ է, որ օրենքի անհրաժեշտությունը կա եւ այն բնավ պայմանավորված չէ եվրոպական կառույցների թելադրանքով: Պատգամավորը, սակայն, մտահոգություն հայտնեց, թե կա արդյոք երաշխիք, որ այն չի դառնա բանակից ազատվելու միջոց, եւ, օրինակ, ծնողը որդուն միտումնավոր չի անդամագրի նման որեւէ կազմակերպության: Նա նշեց, որ օրինագծին դեմ չէ, միայն թե այն չդառնա հանրային լուրջ խնդիր: Խոսրով Հարությունյանը կոչ արեց խորհրդարանին փաթեթը քննարկել նաեւ խմբակցություններում, նախանշել քաղաքական նախաձեռնություններ, որոնք, նրա ձեւակերպմամբ, հանրային օրգանիզմին համարժեք արձագանքելու իմունիտետով կօժտեն:
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանում պետք է հարգվեն կրոնի, դավանանքի խղճի ազատությունը, այլ կարծիք չկա: Բայց նաեւ պետք է գիտակցել, որ մեզ համար գերխնդիր, կարեւորագույն հարց է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը: Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ գտնվելով աշխարհաքաղաքական այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանն առավոտից երեկո խոսում է ռազմատենչ հռետորաբանությամբ, հայատյացության եւ այլատյացության լեզվով, նրանց ղեկավարն աշխարհի հայերին համարում է թիվ մեկ թշնամի, իսկ հովանավոր Թուրքիան խրախուսում է նրան, հստակ վերջնագիր ներկայացնում մեր պետությանը, հարցը պետք է լուծել` առանցքային ունենալով ազգային անվտանգության խնդիրը:
Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ օրինագծում դեռեւս մշուշոտ են այլընտրանքային ծառայության իրավունք ունեցողին կեղծ դիմումատուից տարանջատման մեխանիզմները: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ պետք է գիտակցել, որ, եթե ուզում ենք խաղաղություն, ուրեմն` պետք է պատրաստ լինենք պատերազմի` հաշվի առնելով, որ հարեւան Ադրբեջանը մշտապես պատերազմ է քարոզում: Եզրափակելով ելույթը՝ խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ պացիֆիստությունն է:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ամփոփելով առաջին ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկումները, շնորհակալություն հայտնեց քննարկման բոլոր մասնակիցներին: Պատգամավորի խոսքով՝ երկօրյա քննարկումները հաստատեցին, որ քննարկվում է հանրային կյանքի համար չափազանց կարեւոր օրենսդրական նախաձեռնություն: Քննարկումների ժամանակ հնչած բոլոր առաջարկությունները եւս մեկ անգամ մտորելու առիթ են տալիս, որպեսզի ստեղծվի պատշաճ օրենսդրական դաշտ այդ ոլորտում:
Պատգամավորն առաջարկեց, որպեսզի բոլոր առաջարկները, մտորումները ձեւակերպվեն գրավոր առաջարկությունների տեսքով, իրենց հիմնավորումներով, եւ մինչեւ երկրորդ ընթերցում հանձնաժողովը կունենա քննարկումների շարք տարբեր ձեւաչափերով, կհրավիրվեն նաեւ խորհրդարանական լսումներ: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաեւ պատգամավորների հնչեցրած ելույթներին ու կարծիքներին, որոնք ապահովեցին տեսակետների բազմազանություն:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա, երկու օրվա քննարկումները բավականին արդյունավետ ու կառուցողական համարեց՝ նշելով, որ այն դասական օրինակ կարող է լինել մյուս օրինագծերի քննարկման համար: «Զարմանալի կլիներ, եթե մեր պատգամավորները պասիվ լինեին այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին բանակի, անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներն են»,-նկատեց նա:
Նախարարի խոսքով՝ ազգային անվտանգությունը եւ մարդու իրավունքները փոխկապակցված են, անվտանգության հիմքում մարդու իրավունքներն են: Բացարձականացնում ենք մարդուն, նրա իրավունքներն ու պարտականությունները:
«Ազգային անվտանգության խնդիր է, եթե մենք այն մարդկանց, ովքեր խղճի համոզմունքից ելնելով չեն կարող ծառայել, զորակոչում ենք զինվորական ծառայության, եւ հակառակը՝ այն մարդիկ, ովքեր պետք է զորակոչվեն, նրանց չենք զորակոչում, եւս ազգային անվտանգության խնդիր է: Ուստի օրինագծով պետք է տանել հստակ սահմանը»,-նշեց բանախոսը:
Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հատկապես փոփոխության է ենթակա օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժինը: Մասնավորապես՝ օրենքի 499-րդ հոդվածում նախատեսված չէ այնպիսի պատժատեսակ, որը այլընտրանք կլինի ազատազրկման հետ կապված պատիժներին, կունենա կանխարգելիչ բնույթ, եւ չի զուգորդվի սպայական անձնակազմի հեռացմամբ ՝ դրանով ապահովելով պատժի արդյունավետության սկզբունքը: Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաներում՝ որպես պատժատեսակներ հիմնականում նախատեսված են կալանք, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը: Քրեական պատասխանատվություն սահմանված չէ նաեւ զինծառայողների կողմից զորամասում, զինվորական ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղեր կազմակերպելու, դրանց մասնակցելու, կամ զինծառայողի կողմից թմրանյութ կամ հոգեմետ նյութեր ապօրինի գործածելու համար:
Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելիս պատժի արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել այնպիսի պատժատեսակ, որը կկիրառվի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, չի զուգորդվի դրանք կատարող անձանց ազատությունը որոշակի ժամկետով սահմանափակելով, եւ այդ մարդկանց հնարավորություն կտա շարունակելու ծառայությունը: Որպես այդպիսի պատժատեսակ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության մեջ սահմանափակումը:
Այդ պատժատեսակն առաջարկվում է կիրառել սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողների նկատմամբ, որը պետք է դրսեւորվի երեք ամսից երեք տարի ժամկետով նրանց դրամական բավարարման գումարից մինչեւ 20 տոկոս պահումով: Այդ ընթացքում նրանք չեն կարող նշանակվել ավելի բարձր պաշտոնի:
Հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է սահմանել, որ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն: Նախագծով առաջարկվում է նաեւ բացահայտել մի շարք գնահատողական հասկացությունների բովանդակությունը՝ գույքային վնաս, զգալի չափ, ծանր հետեւանք:
Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ հանձնաժողովում օրինագիծը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Պատգամավորն իր զեկույցում դրական առաջընթաց համարեց քրեական օրեսնդրության մեջ նոր պատժատեսակի ներմուծումը: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ներկայացրել է մի շարք առաջարկներ:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները, որոնք ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտողությունները: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ խորհրդարանում նման կարեւորության օրինագծերի քննարկումների ընթացքում հեղինակների կողմից պետք է ներկայացվեն հիմնավորումներ այն մասին, թե ինչու է քրեականացվում այս կամ այն արարքը: Այս առումով պատգամավորն առաջարկեց ձեռնպահ մնալ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց եւ գտնել երեւույթի դեմ պայքարի այլ արդյունավետ միջոցներ: Կորյուն Նահապետյանը հորդորեց կառավարությանը մինչեւ նոր քրեական օրենսգրքի ընդունումը ձեռնպահ մնալ քրեական օրենսգրքում հայեցակարգային եւ արմատական փոփոխություններ նախատեսող նախագծեր ներկայացնելուց:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով զինված ուժերում հանցագործությունների կանխարգելմանը, նշեց, որ կողմ է հանցագործություն կատարած անձանց պատժելուն, սակայն, ըստ պատգամավորի, չպետք է ծայրահեղացվեն քրեական գործերի խստության չափերը եւ սահմանները:
Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններն ամբողջովին վերաբերում են հայոց բանակին, ապա ճիշտ կլիներ, որ օրինագիծը քննարկվեր նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը կարծում է, որ մի շարք հոդվածներ լրամշակման կարիք ունեն:
Ամփոփելով քննարկումը՝ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց պարզաբանումներ: Նախարարը հավաստիացրեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկները կառավարության կողմից կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ կոնվենցիան ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.-ի սեպտեմբերի 23-ին: Եվ քանի որ ներկայումս միջազգային ասպարեզում մեծացել է միջուկային ահաբեկչության գործոնը, կոնվենցիայում կատարվել է փոփոխություն, որի հիմնական նպատակն է պայմանագրի գործողությունը տարածել նաեւ միջուկային տեղակայանքների վրա: Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ կոնվենցիայի փոփոխությունը նպատակ ունի հասնել եւ պահպանել խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութերի եւ միջուկային տեղակայանքների արդյունավետ ֆիզիկական պաշտպանության հաստատմանն ամբողջ աշխարհում:
Գլխադասային՝ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ 2012 թ.-ի մարտի 14-ի դրությամբ կոնվենցիայի փոփոխությունը ուժի մեջ է մտել 52 պետություններում:
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ փաթեթի առաջին նախագծով սահմանվում են պետական հաշվառման եւ վերահսկման ենթակա միջուկային նյութերը, միջուկային նյութերի հաշվառման համար անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը, միջուկային տեղակայանքի, ատոմային էներգիայի օգտագործումն այլ օբյեկտներում եւ պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառմանը ներկայացվող պահանջները, միջուկային նյութերի հաշվառումից հանելու, կասեցնելու, հաշվառումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները եւ ստուգումները:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը, տեղեկացրեց, որ օրենքի նախագծով սահմանվում են պետական հաշվառման եւ վերահսկման ենթակա միջուկային նյութերը, միջուկային նյութերի հաշվառմանը ներկայացվող պահանջները, հաշվառումից հանելու, կասեցնելու հետ կապված հարաբերությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն ներկայացվող հաշվետվություններն ու տեղեկությունները, եւ հաշվառման ու վերահսկման հետ կապված հարաբերությունները:
Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա տեղեկացմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական հիմնարկները: Քանի որ վերջիններիս կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների եւ կատարվող գործողությունների դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, հետեւաբար անհրաժեշտ է այդ հոդվածում սահմանել նոր ծառայության տեսակը եւ նախատեսել համապատասխան դրույքաչափ: Բացի այդ՝ հոդվածում առկա են ոչ արդիական կետեր, ենթակետեր, որոնք անհրաժեշտ է վերացնել կամ փոփոխել՝ համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը, սահմանված կարգերին:
Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է հյուպատոսական հաշվառման կանգնելու կամ հաշվառումից դուրս գալու համար պետական տուրք չսահմանել, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար պետական տուրքը սահմանել 65,000 ՀՀ դրամ, իսկ 16 տարին չլրացած քաղաքացու անձնագրի համար՝ 30,000 ՀՀ դրամ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե որտեղից է գոյանում արտասահմանյան պետությունում ապրող քաղաքացու անձնագրի 65 հզ. դրամ եւ ՀՀ-ում ապրող քաղաքացու անձնագրի 25 հզ. դրամը, փոխնախարարը պատասխանեց, որ 25 հզ. դրամը ինքնարժեքով է պայմանավորված, իսկ արտերկրում տրվող էլեկտրոնային անձնագրերի գները հավասարեցված են մինչ այդ տրվող սովորական անձնագրի գնին:
Ներկայացնելով գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը՝ Կարեն Ճշմարիտյանը նույնպես անդրադարձավ ԱԺ նախագահի հարցադրմանը՝ գնային տարբերությունները բացատրելով միջին կենսամակարդակով եւ ոչ թե ինքնարժեքի հետ կապված գործոններով, իսկ արտերկրում ապրող քաղաքացիների կորցրած անձնագրերի փոխարեն նոր անձնագիր տալու համար սահմանված բարձր տուրքը պատգամավորը պայմանավորեց նաեւ կանխարգելման գործոնով, քանի որ արտերկրում ավելի հաճախակի են անձնագիրը կորցնելու դեպքերը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տարակուսանք հայտնեց նման մեկնաբանության համար՝ հիշեցնելով, որ նախնական հաշվարկներով էլեկտրոնային անձնագրերի իրացումից նախատեսվում է 141 մլն դրամի եկամուտ, ինչը հուշում է, որ կա հստակ տրամաբանություն եւ դրանով պայմանավորված քաղաքականություն: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այս ոլորտը բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակ չպետք է հետապնդի, ուստի առաջարկեց ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին մինչեւ երկրորդ ընթերցում տեղեկանք ներկայացնել, որտեղ կհիմնավորվեն էլեկտրոնային անձնագրերի գնագոյացման հիմքերը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ըստ որի՝ պետական տուրքը միանվագ վճար է, որը չպետք է ինքնարժեքի հետ կապել, բայց տուրքի չափի հիմքում պետք է տրամաբանություն լինի:
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նույնպես շեշտեց, որ պետական տուրքը պետության կատարած ծառայությունների համար միանգամյա վճար է, ինչը ենթադրում է, որ այդ ծառայությունն ունի իր գինը, հետեւաբար նաեւ գնագոյացման իր տրամաբանությունը:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում իրավասու մարմինները տեղեկանք կներկայացնեն պատգամավորներին հուզող խնդիրների վերաբերյալ:
ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ 2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Արտոնագրային իրավունքի մասին» պայմանագիրը, 2010 թվականի հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը եւ 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագիրը:
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը: