Լուրեր

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները

12.02.2013

 Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված 9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշման համաձայն Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի <<Նորաշեն>> 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը <<16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն>> ծրագրով <<Երևան>> հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:
Նույն որոշմամբ համապատասխան չափով գումար է հատկացվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներին սոցիալական փաթեթով ապահովման նպատակով ֆինանսավորման համար: Երևան քաղաքի կանաչապատման բնագավառի զարգացման, քաղաքն ավելի գեղատեսիլ դարձնելու նպատակով ավագանու որոշմամբ համապատասխան գումար կհատկացվի նաև լրացուցիչ թվով 1,500 ոսկեգույն թույայի տնկիների ձեռքբերման համար:
Երևանի ավագանու որոշմամբ, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական արժեքի հնարավոր փոփոխությունները, այսուհետ Երևան քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման նախորդ ծրագրերի շրջանակներում գնահատված անշարժ գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում այն ենթակա է կրկին գնահատման:
Ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի լրացուցիչ լիազորություններ են պատվիրակվել վարչական շրջանների ղեկավարներին՝ կապված առևտրի, ծառայությունների բնագավառում համապատասխան թույլտվություններ տալու և դրանց համար սահմանված տեղական տուրքերը գանձելու հետ:
Երևանի հանրության առջև ունեցած առանձնահատուկ ծառայությունների, Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարօրությանն ուղղված նշանակալի ներդրումների, գիտության, առողջապահության, կրթության, արվեստի, գրականության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների, ինչպես նաև հասարակական, քաղաքական, բարեգործական արդյունավետ գործունեության համար անձանց և կազմակերպություններին բարձր գնահատականի և խրախուսանքի արժանացնելու նպատակով Երևանի ավագանին հաստատել է նաև <<Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին>> որոշումը:
Ըստ այդմ, Երևան քաղաքի պարգևներն են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը, Երևան քաղաքի մրցանակները, Երևանի քաղաքապետի պատվոգիրը և Երևանի քաղաքապետի շնորհակալագիրը: Որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ամենամյա մրցանակներ կշնորհվեն գրականության և արվեստի, առողջապահության, գիտության և կրթության, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի, լրագրության և տեղեկատվության, քաղաքաշինության բնագավառներում: Ավագանու որոշմամբ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զատ, սահմանվել են նաև Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ, Երևան քաղաքի պատվավոր բժիշկ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ, Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող, Երևան քաղաքի պատվավոր փրկարար և Երևան քաղաքի պատվավոր շինարար կոչումներ:
Ավագանու որոշմամբ հերթական հաջորդ նիստը կգումարվի 2013թ. մարտի 19-ին:

← Վերադառնալ ցուցակին