Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են «Երիտասարդ առաջնորդներ» խորագրով քաղաքական դասընթացներին

11.02.2013

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ներկայացուցիչներ Արուսյակ Պողոսյանը և Սոնա Մարտիրոսյանը Հունգարիայում մասնակցել են Ռոբերտ Շումանի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Երիտասարդ առաջնորդներ 2012-2013» խորագրով քաղաքական դասընթացներին։ Դասընթացի մասնակցության հայտերը կազմակերպիչների կողմից ուսումնասիրվել են ամենայն խստությամբ, և Հայաստանից դրանց մասնակցելու իրավունք են ստացել միայն ՀՀԿ ԵԿ երկու անդամները։
Հայաստանի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Վրաստանի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի և Ուկրաինայի շուրջ 20 երիտասարդ քաղաքական գործիչներ 3-շաբաթյա սեմինարների ժամանակ ուսումնասիրել են հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ժողովրդավարության հիմունքներին, միջազգային հարաբերություններում սոցիալ-տնտեսական քաղաքականությանը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել տնտեսական ինտեգրման, տարածաշրջանային համագործակցության, երիտասարդական ձեռներեցության աջակցման խնդիրներին, ֆինանսական ճգնաժամի պատճառներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքական էթիկայի կանոններին և բազմաթիվ այլ հարցերի։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը նշում է, որ երեք փուլով անցկացված դասընթացների նպատակն էր երիտասարդ կուսակցականների շրջանում բարձրացնել միջազգային զարգացումների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսումնասիրել Եվրամիության անդամ երկրների փորձը։ Ա. Պողոսյանը տեղեկացնում է, որ հրավիրված փորձագետների հետ քննարկվել են տարբեր երկրներին հատուկ քաղաքական, ֆինանսական, սոցիալական և այլ հարցեր։ Նա նաև նշում է, որ ստացված գիտելիքներն ու հմտությունները հետագայում կփոխանցվեն ՀՀԿ ԵԿ մյուս անդամներին։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։ 

← Վերադառնալ ցուցակին