Լուրեր

Ներկայացվել են հանրակրթության ոլորտում 2013թ. անելիքները

06.02.2013

 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումանական հաստատություններում, առավելապես՝ ՆՈՒՀ-երում քաղաքապետարանի մեծ ծավալի ծրագրերը շենքային պայմանների բարելավմանը, հիմնանորոգմանն ու գույքի նորացմանն են ուղղված լինելու։ Ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Մանկապարտեզների հիմնանորոգմանն այս տարի հատկացվել է 550 մլն դրամ։ Շենքի նորոգման կարիք ունեցող մանկապարտեզներում մարտից մեկնարկելու են նախագծա-նախահաշվային աշխատանքները և տվյալների ամփոփումից հետո, ըստ առաջնահերթության, կազմվելու է այս տարի նորոգվող մանկապարտեզների ցանկը։ Անցյալ տարվանից սկսված գույքային ծրագիրը ևս շարունակվելու և համալրվելու է. կրկին ըստ առաջնահերթության: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ վարչական շրջաններից արդեն ստացել են գույքագրման ու, ըստ այդմ, անհրաժեշտ գույքի տվյալները։
Գայանե Սողոմոնյանը հատկանշել է նաև 2012 թվականին մանկապարտեզների սննդի վերահսկողության գրանցած դրական արդյունքները և ընդգծել, որ ՆՈՒՀ-երում սննդի վերահսկումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության տակ է։
Նախադպրոցական կրթության որակը բարելավելու նպատակով այս տարի առաջին անգամ ՆՈՒՀ-երի դաստիարակներին տրամադրվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում 2013-ին նորագույն տեխնոլոգիաներով համալրելու ծրագիր է իրականացվելու UCOM ընկերության հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ։ Անցած տարի համար 156 դպրոցում իրականացված նախնական ծրագրի արդյունքը հաշվի առնելով, 2013 թվականին ևս 15 դպրոցներ կհամալրվեն նորագույն տեխնոլոգիաներով՝ համապատասխան տեխնիկայով և որակյալ հեռակապի հնարավորությամբ։
<<Dasaran.am-ը շատ կարևոր գործիք է, աշակերտ-ուսուցիչ-ծնող կապի հրաշալի միջոց>>,- նշել է Գայանե Սողոմոնյանը։ Դպրոցներում ներդրված ինտերակտիվ այս համակարգը հնարավորություն է տալիս ծնողներին վերահսկել երեխայի առաջադիմությունը, ընդ որում՝ համակարգը նախարարությանն ու հանրակրթության վարչությանն առավել համալիր վերահսկողության հնարավորություն է ընձեռում նաև դպրոցների կառավարման հսկման գործում։
Այս տարի նույնպես որոշ դպրոցներ կկահավորվեն թեքահարթակներով: <<Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հիմնական դպրոցներում ընդլայնվում է ներառական կրթության ներդրման ծրագիրը։ Այսօր Երևանի հիմնական դպրոցներում սովորում է այս ծրագրի շահառու 1180 աշակերտ, ում սննդի և տրանսպորտի կազմակերպումը ֆինանսավորում է Երևանի քաղաքապետարանը>>,- նշել է հանրակրթության վարչության պետը։
Հանրակրթության վարչության պետն անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության հարցին։ <<Սիրահայ 320 երեխաները, ովքեր ուսանում են համար 114 դպրոցում գործող <<Կիլիկյան>> վարժարանում, համարվում են համար 114 դպրոցի լիիրավ աշակերտներ, ուսուցիչները, ովքեր դասավանդում են նրանց, ևս համարվում են այդ դպրոցի աշխատակազմի անդամներ. հետևաբար, և՛ աշակերտները և՛ ուսուցիչները ֆինանսավորվում են Երևանի քաղաքապետարանի կողմից>>,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ քաղաքացիների հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ առավել ակտիվացվել են քաղաքապետարանում գործում է թեժ գծերը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են նաև Երևանի հանրակրթության ոլորտին առնչվող բոլոր խնդիրների մասին իրազեկել և յուրաքանչյուր շաբաթվա սահմանված օրն անձամբ հանդիպել վարչության պետերի հետ։

← Վերադառնալ ցուցակին