Լուրեր

ԱԺ ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպեց Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

01.02.2013

Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպեց Կովկասի եւ ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծեցին, որ թեեւ Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների ընթացքում, միջպետական հարաբերություններում, տնտեսական համագործակցության ոլորտում նշանակալից տեղաշարժեր են արձանագրվել, փոխադարձ հետաքրքրությունները ավելի են մեծացել, բայց երկու երկրները փոխգործակցության դեռեւս մեծ ներուժ ունեն, ինչը պետք է կյանքի կոչել իրատեսական ու փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ:

Սամվել Ֆարմանյանը միջխորհրդարանական կապերի զարգացման առումով կարեւորեց խորհրդարանականների փոխայցերն ու համատեղ քննարկումները եւ Տակեշի Հիկիհարային խնդրեց Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին փոխանցել իր հրավերը՝ այցելելու Հայաստան եւ գումարելու բարեկամական խմբերի համատեղ նիստ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ Լոռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Տակեշի Հիկիհարան հավաստիացրեց, որ Ճապոնիան շարունակում է պաշտպանել հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու մոտեցումը: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման համար:

ՀՀ-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձավ նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությանը, ինչը, նրա գնահատմամբ, ավելի կակտիվացնի երկկողմ հարաբերությունները: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը, համաձայնելով ԱԺ պատգամավորի դիտարկմանը, տեղեկացրեց, որ այդ խնդիրն իր երկրի համար նույնպես կարեւոր նշանակություն ունի եւ դեռեւս քննարկման փուլում է:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

← Վերադառնալ ցուցակին