Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

30.01.2013

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 30-ին գումարեց նիստ՝ քննարկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ներառելու համար առաջադրված հարցերը:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի նիստում հիմնավորեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կառավարությունը նախատեսում է խստացնել ջրային ռեսուրսների պահպանման, նաեւ ջրառի եւ ջրամատակարարման կանոնները խախտելու համար սահմանված վարչական տույժերը՝ ավելացնելով տուգանքների չափերը: Հիմնական զեկուցողը նշեց, որ Արարատյան ջրավազանում շատ են չկանոնակարգված ջրօգտագործման դեպքերն ու խախտումները՝ պայմանավորված հիմնականում ձկնաարդյունաբերական գործունեության ակտիվացմամբ: Սա բացասական ազդեցություն է թողնում թե ջրային պաշարների արդյունվետ օգտագործման, թե հողերի որակի վրա: Ջրային պաշարների նոր գնահատում այստեղ չի կատարվել, սակայն նախկին տվյալներով՝ ստորերկրյա ջրերի ծավալը 1.5 մլրդ խորանարդ մետր է: Մասնագետների գնահատմամբ՝ Արարատյան դաշտավայրում պետք է լուծարվի 525 եւ կոնսերվացվի 470 խորքային հոր: Այն դեպքում, երբ դրանց ընդհանուր թիվը 3165 է: Արձագանքելով հանձնաժողովի պատգամավորների հարցադրումներին՝ տուգանքների ավելացումը խնդրի լուծման բավարար պայման լինելու մասին, Սիմոն Պապյանը տեղակացրեց, որ իրավիճակը շտկելու համար ծրագրել են համալիր միջոցառումներ, այս քայլը դրանցից մեկն է, եւ հավաքագրված գումարները կուղղվեն հորերի լուծարմանը: Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

«Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գործընկերներին ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի համահեղինակությամբ մշակած նախագիծը խորհդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հեղինակների ձեւակերպմամբ՝ հանձնաժողովը պետք է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ՝ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով: Զարուհի Փոստանջյանը հարցի ուսումնասիրությունը խորհրդարանական ձեւաչափով անհրաժեշտ համարեց, քանի որ այս խնդրի վերաբերյալ դատական հայցը, հետեւաբար նաեւ քննությունը մերժվել էր:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Առաջարկվում է օրենքի 2006-2007 թվականներին մասնավորեցման ներկայացված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից հանել «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն եւ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է հանել «ձայնային ծառայությունների մատուցում» եւ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:

Արմեն Եղիազարյանը ներկայացրեց նաեւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապեության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով սահմանվում է, որ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածի համար, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել, քան 20 տարին: Առաջարկվում է նաեւ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ սահմանելով, որ էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայով անձին տրվում է նաեւ էլեկտրական կամ ջերմային կայանների կառուցման իրավասություն:

Առաջարկվում է հանել Էլեկտրական կամ ջերմային էներգիայի եւ բնական գազի բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման գործունեության լիցենզիաները, ինչպես նաեւ սահմանվում է, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ արդյունքում կբարելավվեն ոլորտի կարգավորման եւ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները:

Հանձնաժողովը քննարկված բոլոր նախագծերի վերաբերյալ ներկայացրեց դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 30-ին հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչեւ մեկ տարով: 

← Վերադառնալ ցուցակին