Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց հուշամեդալով

29.01.2013

Հունվարի 29-ին Արտաշատում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու նրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը գնահատելու համար: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքական մի քանի խնդիրների, խոսեց նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Խորհրդարանի ղեկավարը ներկաներին փոխանցեց արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքը եւ նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեւան եկած որոշ թերություններ այսօր փորձում են վերացնել: Ընտրացուցակների եւ մրցակցային պայմանների վերաբերյալ որոշ դժգոհություններ Աժ նախագահը բնորոշեց որպես չհիմնավորված, միաժամանակ թափանցիկ ընտրությունների ապահովումը համարեց բոլոր թեկնածուների գործը:

ԱԺ նախագահը խոսեց նաեւ տարածքների համաչափ զարգացման ու դրան ուղղված քայլերի մասին՝ երկրի տնտեսական զարգացման ճանապարհին այն կարեւոր նախապայման համարելով: 

← Վերադառնալ ցուցակին