Լուրեր

Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

29.01.2013

Հունվարի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատականներով մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծերն անցել են քննարկումների երկար ճանապարհ, նաեւ խորհրդարանական արդյունավետ լսումներ են կազմակերպվել դրանց վերաբերյալ, ինչի արդյունքում, ի վերջո, հաջողվել է հղկված եւ ընդունելի ձեւակերպումներ ունենալ: Նախարարը հիշեցրեց, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերում հնարավոր է ամուսնություն նաեւ 16 տարեկանում, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի:

Պատգամավորները ողջունեցին կառավարության կողմից կատարված փոփոխություններն ու լրացումները եւ քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ԱԺ փետրվարի 4- 7-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը հանձնաժողովը, համահեղինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ցանկությամբ, առաջարկեց հետաձգել մինչեւ մեկ տարով:  

← Վերադառնալ ցուցակին