Լուրեր

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր

28.01.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:
Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն, ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի:
Նաև զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները ու, բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաև մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաև քաղաքացիների սնունդը:
Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթել նրանց բարի երթ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար` ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով և նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունը իսկապես բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը:

← Վերադառնալ ցուցակին