Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կրկին հաղթեց

24.01.2013

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամների ներկայացրած ծրագիրը հաղթանակի է արժանացել ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի կողմից։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի ՙՔաղաքական տրանսֆորմացիա՚ խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։
Ձմեռային դպրոցի շրջանակներում երիտասարդները ծանոթացել էին ծրագիր գրելու, այն իրականացնելու նրբություններին և ներկայացրել սեփական ծրագիրը, որը կֆինանսավորվի ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի կողմից։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների ներկայացրած ծրագրերից հաղթել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած ՙԱպագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը՚ խորագրով ծրագիրը, որն առաջիկայում երիտասարդ հանրապետականները կիրականացնեն Հայաստանում։ ՀՀԿ ԵԿ անդամների նախաձեռնության նպատակը քաղաքական սերնդափոխության համար հեռանկարային կադրեր պատրաստելն է, ինչպես նաև սերունդների միջև հակասությունները վերացնելը։
ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի հետ ՀՀԿ ԵԿ համագործակցությունը շարունակական է։ ՙՔաղաքական տրանսֆորմացիա՚ ձմեռային դպրոցի մասնակիցները մարտի 11-15-ը կայցելեն Գերմանիա և կծանոթանան Գերմանիայի պետական համակարգին, քաղաքական կուսակցություններին։ 

← Վերադառնալ ցուցակին