Լուրեր
Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ ԱԺ-ում
23.01.2013
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 23-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեցին բռնցքամարտի ոլորտում հայ-բելգիական համագործակցության մի ծրագիր, որի մեկնարկն արդեն տրվել է նախորդ տարի Բրյուսելում բելգիահայերի եւ բելգիացիների համատեղ ուժերով կամակերպված բռնցքամարտի մրցաշարով: Միջոցառման կազմակերպմանը մեծապես նպաստել է Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիան, իսկ հասույթն ուղղվելու է Հայաստանի մանկատներին, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնությանը: Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանը պատմեց, որ Սերժ Հենդրիսի հետ իրենք արդեն հասցրել են լինել Հայաստանի մանկատներում, ծանոթանալ խնդիրներին եւ հույս հայտնեց, որ հայ-բելգիական համագործակցությունը բռցքամարտի ասպարեզում թույլ կտա պարբերական դարձնել նմանատիպ միջոցառումները, իսկ հասույթներով հնարավոր կլինի օգնել հայ կարիքավոր երեխաներին:
Բելգիացի հյուրերը նաեւ նշեցին, որ իրենք պատրաստ են օժանդակել հայ բռնցքամարտիկներին Բելգիա մեկնելու եւ այնտեղ մրցաշարերի մասնակցելու հարցում:
Արտակ Դավթյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրեց, որ Ազգային ժողովում գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբ, որը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Նրա խոսքով՝ հայ-բելգիական սպորտային համագործակցությունը, որի նպատակն է օգնել մանկատան երեխաներին, արդյունավետ նախաձեռնություն դառնալու մեծ հեռանկարներ ունի:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության հետ կապված այլ հարցեր եւս: