Լուրեր

Ներկայացվել են առողջապահության ոլորտում նախորդ տարվա ծրագրերով իրականացված և 2013 թվականին նախատեսված աշխատանքները

23.01.2013

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները:
Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հիմնանորոգման, նաև շենքերի արտաքին տեսքի բարելավման և մուտքերի դռների նորոգման աշխատանքներ: Մի շարք բուժհաստատություններում ներդրվել են լոկալ ջեռուցման համակարգեր:
Առողջապահության վարչության նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհիմնարկներում կատարվել են բակերի բարեկարգման և ցուցանակների արդիականացման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի սոցիալապես անապահով խավի համար քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարաններում կազմակերպվել են բաց դռների օրեր: 2012թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը, կանանց միամսյակի կապակցությամբ անցկացված <<Ձեզ համար, կանայք>> անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 12500 կին, որոնցից 586-ը ստացիոնար բուժում են ստացել կամ վիրահատվել: Ամանորին ընդառաջ՝ քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպված ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կատարվել են դժվարին հետազոտություններ և ուղեգրում հիվանդանոցներ:
Հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցանիշները՝ <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնում ստեղծվել է ևս մեկ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ինչպես նաև նոր լաբորատորիա: Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ այս տարի կենտրոնը համալրվելու է հեղուկ թթվածնի գեներատորով, ինչն ընկերությանը թույլ կտա սեփական պահանջների համար թթվածին արտադրել: Արդյունքում կենտրոնն զգալի տնտեսումների հնարավորություն կստանա:
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բուժհաստատությունների մուտքն առավել մատչելի դարձնելու նպատակով սահմանափակ կարողություններով անձանց համար քաղաքապետարանի ենթակայության ընկերությունները կահավորվել են թեքահարթակներով, համաբուժարանների առաջին հարկերում առանձնացվել են նաև հարմարեցված բուժսենյակներ:
Անդրադառնալով 2013 թվականի ծրագրերին՝ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ շարունակվելու է բուժհաստատություններում բուժսարքավորումների արդիականացումը` համապատասխանեցնելով արդի բուժման նոր մեթոդներին և սպասարկման որակին: <<Առաջին անգամ 2013 թվականի Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է համաբուժարանների վերազինում, այդ թվում էլեկտրասրտագրության, ուլտրաձայնային հետազոտությունների համար անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերում: Սա մեծ ծրագիր է, որը հնարավորություն կտա բարձրացնել համաբուժարաններում մատուցվող ծառայությունների որակն ու լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների պատշաճ մատուցում իրականացնել>>,- նշել է Կամսար Բաբինյանը:
Ուշադրության կենտրոնում է մնալու նաև հղիների նախածննդյան և հետծննդյան խնամքի որակյալ բուժօգնության սպասարկումը։

← Վերադառնալ ցուցակին