Լուրեր

Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները շարունակվում են

21.01.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են տեղեկատվական համակարգեր, իրականացվում տարածքային կենտրոների վերանորոգում, աշխատողների ուսուցում և վերապատրաստում:
Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում ներդրվելիք տարածքային 52 համալիր կենտրոններից 32-ի համար հատկացվել են համապատասխաններ տարածքներ, մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է՝ առաջիկայում հանրապետությունում արդեն իսկ գործարկել մի քանի տարածքային կենտրոններ:
Ծրագրի արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրացված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով:
Նշվել է նաև, որ համակարգի ներդրման արդյունքում սոցիալական ծառայողներն առարկայականորեն կգնահատեն ընտանիքների կարիքները, անհատական աշխատանքի միջոցով վերջիններիս կառաջարկվեն համապատասխան ծառայություններ տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման, կրկնուսուցման և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին