Լուրեր

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները

16.01.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության անդամներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԵՄ-ՀՀ հարաբերությունների ակտիվացմանը, խորհրդարանական համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող տարբեր հարցեր: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում եւ եղել են արդյունավետ:

Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաեւ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի հիմնադրման արարողությանը՝ նկատելով, որ խմբի ստեղծումը խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ձեւաչափ է եւ կարեւոր դեր կարող է խաղալ ԵՄ-ՀՀ մերձեցման քաղաքականության ակտիվացման գործում: Նա տեղեկացրեց, որ խմբում առայժմ ընդգրկված են Եվրոպական խորհրդարանի 31 պատգամավորներ, որոնց թիվը հետագայում կարող է ավելանալ: Եվրախորհրդարանի պատգամավորների հետ զրույցի ժամանակ արդեն նախանշվել են համագործակցության ընդհանուր եզրերը, պատվիրակությունը նախաձեռնել է նաեւ խմբի այցը Հայաստան:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Հայաստանի եվրաինտեգրման հաստատուն քայլերի, մերձեցման քաղաքականության անհրաժեշտության եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը սերտացնելու վճռականության մասին, միաժամանակ ընդգծել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական ու ռազմավարական-գործընկերային հարաբերությունները շարունակական են լինելու եւ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը երբեք մեկը մյուսով չի պայմանավորելու, ինչը ընկալումով են ընդունել ԵՄ պաշտոնյաները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նույնպես կարեւորեց բրյուսելյան այցը, հանդիպումները գնահատեց արդյունավետ ու փոխշահավետ: Նա տեղեկացրեց, որ հանդիպումների ժամանակ քննարկվել է Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցը եւ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները ավարտին հասցնել մինչեւ 2013 թվականի աշնանը տեղի ունենալիք Վիլնյուսի գագաթնաժողովը:

Անդրադառնալով Եվրանեսթի շրջանակներում տարվող աշխատանքներին եւ այդ կառույցում Հայաստանի ակտիվ դերակատարությանը՝ ԱԺ նախագահն առաջարկել է Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին անցկացնել Երեւանում:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կարեւորելով ԵՄ-ՀՀ համագործակցության ակտիվացումը, դրա ներգործությունը Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ու ներքին բարեփոխումների վրա: Նշվել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել են արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերը: Հայաստանը հավատարիմ է եղել իր խոստմանը եւ ԵՄ քաղաքացիներին հնարավորություն է տվել Հայաստան մուտք գործել առանց վիզայի: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը նույնպես շուտով կվավերացնի ՀՀ քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որը ճանապարհ կհարթի այդ գործընթացի ազատականացման համար:

Քննարկվել է նաեւ ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցը : ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բոլոր ոլորտներում բարեփոխումներ կատարելու Հայաստանի հանձնառությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը կնպաստեն ներքին ժողովրդավարական գործընթացներին :

Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին