Լուրեր
Կառավարությունը 2013-ին նույնպես լարված է աշխատելու
10.01.2013
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսօր 2013 թվականի մեր առաջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ։ 2012 թվականը մեզ համար լարված աշխատանքի տարի էր, բայց մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ։ Եթե դատենք այն առաջնահերթություններով, որ դուք ներկայացրել եք և որոնք պետք է այսօր մեր օրակարգային հարցերից մեկում քննարկենք, 2013 թվականին մեզ նույնպես լարված աշխատանք է սպասվում։ Անհրաժեշտ է, որ մենք լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ որ դրա համար 2012 թվականին լուրջ հիմքեր ենք ստեղծել։ Առաջին հերթին այդ են վկայում 2012-ին հրապարակված միջազգային վարկանիշները՝ բիզնես միջավայրի բարելավումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նույնպես արձանագրված լուրջ առաջընթացը։
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Հերիթեյջ Ֆաունդեյշըն»-ի և «Ուոլ սթրիթ ջուրնալ»-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսի արդյունքները։ Այս բնագավառում ևս մենք առաջընթաց ենք արձանագրել՝ բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես մեզ համար լավատեսության հիմքեր է ստեղծում, որ 2013 թվականին կկարողանաք մեր բարեփոխումներն առաջ տանել։ Սա նույնպես կարևորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում և, բնականաբար, այս ինդեքսի անունը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»։
ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։
Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը
ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը։ Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով կառավարությունը կարգավորել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թ. հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը նրա աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցը, վարժարանների ուսուցիչների` մասնակի կենսաթոշակ ձեռք բերելու իրավունքը և այլն։
Գործադիրը հաստատել է եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքի որոշման կարգը, այդ սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի ձևը, սահմանել, որ 2013 թվականին լսողական սարքերի ձեռքբերման հավաստագրի գնային արժեքն է 80 հազար դրամը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությամբ կառավարությունն աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով գործուղման, դաշտային կամ տեղափոխման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հատուցվող չափերը համապատասխանեցրել է այդ միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ շուկայական գներին։ Պետական պաշտոնյաներն ստացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գործուղումն անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով իրականացնելու հնարավորություն։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ սահմանվել է, որ հանրային ծառայությունների համարանիշը հատկացվում է նաև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը։
Հետևողականորեն բարձրացվում է քաղաքացիների սպասարկման որակը
ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից մշակված վեց որոշումների նախագծերն ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը. այս ամենը լիովին համապատասխանում է կառավարության վարած քաղաքականության սկզբունքներին։ Ընդունելով նշված որոշումները` գործադիրը հեշտացրել է քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի, դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանքների, անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձանց համար ՀՀ վերադարձի վկայականի ստացմանը նաև փոստային կապի ծառայությունների միջոցով։ Հաստատվել է ՀՀ տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը։ Իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կառավարությունը կատարել է լրացումներ, որոնց շնորհիվ հեշտացվում է նաև արտոնագրված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը, խնայվում է ժամանակը։
2012 թ. ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրային ծառայության համակարգ կներդրվեն այնպիսի նոր ինստիտուտներ, ինչպիսիք են հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը), հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու արգելքը, հանրային ծառայողի էթիկայի կանոնները և այլն, գործընթացներ, որոնց վերաբերյալ հանրությանն իրազեկելու խնդիրները, ինչպես նաև համակարգում ընդգրկված մարմիններում առաջացող թափուր պաշտոնների մասին կենտրոնացված կարգով հայտարարությունների հրապարակումը վերապահվել է «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին, որն ստեղծվել է կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխմամբ։
Կանոնակարգվում է բնապահպանության իրավական դաշտը
ՀՀ կառավարությունը սահմանել է օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման իրականացման և այդ նպատակով վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգերը։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տվել պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ որակավորմամբ մասնագետներ` ապահովելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջարկի զարգացումը և ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին։
Իր նիստում գործադիրը, առաջնորդվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով, սահմանել է գույքը գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը, որով հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների տեղեկույթից օգտվելու իրավունքը։
Կառավարությունը հավանություն է տվել Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին։ Որոշման ընդունմամբ կկանոնակարգվի համացանցից օգտվողների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների հավաքման խնդիրը, ինչպես նաև ՀՀ-ում համացանցից օգտվողների ճշգրիտ թիվը։
Կառավարության որոշմամբ սահմանվել է «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձնին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը։
Օրենսդրական հարցեր
ՀՀ կառավարությունը քննարկել է դեկտեմբերի 1-ը վերամիավորման տոն հռչակելու ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությունը և տվել բացասական եզրակացություն, քանի որ ԼՂՀ ժողովրդի ազատ կամքը դրսևորվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ և վերահաստատվել է 2006 թ. հանրաքվեով ԼՂՀ սահմանադրության ընդունմամբ։
Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկում են նպատակային արձակուրդի, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ պահպանել աշխատողի աշխատատեղը։ Նշվել է, որ փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ նորմն արդեն իսկ առկա է օրենսգրքի 114-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվել է օրենքի նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ, որից հետո այն ընդունելի կլինի կառավարության կողմից։
Կառավարությունը քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են միջոցներ ձեռնարկել կանոնակարգը խախտող պատգամավորների նկատմամբ, ինչին կառավարությունը դեմ է արտահայտվել` նշելով, որ այդ հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա։ Գործադիրը դեմ է նաև ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` նույն օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որը, հեղինակների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի ընդդիմության խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն ավելի արդյունավետ օգտվեն կառավարությանը հարց ուղղելու հնարավորությունից։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով համատեղ բազավորման և համատեղ օգտագործման օդանավակայանների շահագործման պայմանները, բարձրացնելով թռիչքների անվտանգության ապահովման մակարդակը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև օդային տրանսպորտի համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը մինչև 2013 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ դպրոցականի։