Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ

09.01.2013

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, եւ ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Եվրամիություն-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ այս կարեւոր նախաձեռնության կապակցությամբ. Եվրոպական Խորհրդարանում հիմնադրվում է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը: Վստահ եմ, որ ձեր անդամակցությունը խմբին ոչ միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերած հաջողությունների գնահատման, այլ նաեւ հայ ժողովրդի հանդեպ ձեր ջերմ վերաբերմունքի ու հարգանքի արտահայտությունն է: Հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոխադարձ է:

Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով` ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ:

Մոտ երկու տարի առաջ ես ելույթով հանդես եմ եկել այս նույն հաստատությունում, որը ներկայացնում է Եվրոպայի քաղաքացիներին: Այսօր կրկին ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնել է կոնկրետ քայլեր, որոնք վկայում են եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի հանձնառության լրջության մասին:

Դա վերաբերում է մեր երկկողմ քաղաքական երկխոսության բովանդակային խորությանն ու դինամիկային: Դա վերաբերում է տարբեր բանակցային գործընթացներում գրանցված զգալի առաջընթացին, որն իրատեսական է դարձնում մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը Ասոցացման համաձայնագրի եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւետրի գոտու վերաբերյալ բանակցությունների ավարտը: Ի վերջո, դա վերաբերում է մեր ներքին բարեփոխումների իրականացման առաջընթացին, որը, ըստ էության, արտացոլում է եվրոպական համընդհանուր արժեքների կիրառումը Հայաստանում: Այդ առումով նշեմ, որ մեր եվրոպական քաղաքականությունը խորապես փոխկապակցված է մեր ներքին բարեփոխումների քաղաքականության հետ, քանզի այն Հայաստանում եվրոպական նորմերի եւ չափանիշների արմատավորման կարեւորագույն գործիք է:

Վերջապես, դա վերաբերում է ամենակարճ ժամանակահատվածում մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերի բանակցման ավարտին ու ստորագրմանը: Վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի այս պայմանագրերը` հնարավորություն ընձեռելով Հայաստանի քաղաքացիներին` լավագույնս օգտվելու վիզային դյուրացված ռեժիմից եւ ճանապարհ բացելով արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Ի դեպ, արդեն վաղվանից ԵՄ եւ Շենգենյան գոտու երկրների քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց արտոնագրերի:

Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է եւ ընթացող բանակցությունների, եւ նախաձեռնած լայնածավալ բարեփոխումների առումով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Մենք շահագրգիռ ենք կառուցողական եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատել արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափում:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին: 2012 թվականի գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Անշուշտ, գրանցվեցին նաեւ որոշակի թերություններ: Մենք աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ ս.թ. փետրվարի 18-ին անցկացնելու ժողովրդավարական չափանիշներին հարիր նախագահական ընտրություններ: Այո, Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ, դա մեր քաղաքական կամքն է: Մենք ձեռնարկել ենք նախապատրաստական միջոցառումներ` հաշվի առնելով միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները:

Հարգելի ներկաներ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ: Հայաստանը մշտապես հայտարարել է խաղաղ կարգավորման համաձայնեցված սկզբունքների հանդեպ իր հավատարմության մասին եւ հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով: Սակայն նույն մոտեցումը չի նկատվում Ադրբեջանի կողմից: Հակառակը, Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, չվերահսկվող ռազմական ծախսերը, հայերի նկատմամբ պետական մակարդակով թշնամության սերմանումը, որի վառ ապացույցը նույն տխրահռչակ Սաֆարովի գործն է, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալից կոչերը, չեզոքացնում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող միջազգային հանրության եւ Հայաստանի ջանքերը: Արդյունքում, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ենթարկվում է վտանգի: Սակայն այդ ժողովուրդն արդեն ցուցաբերել է ինքնապաշտպանության իր վճռականությունն ու կարողությունը:

Ադրբեջանը բազմիցս փորձել է Եվրախորհրդարանում ընդունվող տարբեր բանաձեւերում ու զեկույցներում խցկել հակամարտության էությունն աղավաղող եւ ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող կեղծ տեղեկատվություն: Այդ փորձերը կասեցվել են ձեր շնորհիվ, որովհետեւ դուք քաջատեղյակ եք իրականությանը: Ավելին, ձեզանից ոմանք անձամբ են այցելել ժողովրդավարություն կառուցող, եվրոպական արժեքներ դավանող եւ խաղաղություն քարոզող Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է կերտի իր ապագան` հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա:

Հարգելի բարեկամներ,

Միջազգային հանրությունը ականատես եղավ Հայաստանի նախաձեռնությանը` բարելավելու իր հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ: Մենք գնացինք դրան` առաջնորդվելով ոչ թե զգացմունքներով, այլ պետական շահերով: Բոլորիս հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայում. դրանք ուղղակի չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանում: Ավելին, Ադրբեջանի անթաքույց ճնշման ներքո Թուրքիան առաջադրեց նախապայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Եթե մենք խոսեինք նախապայմանների լեզվով, ապա այն առաջադրելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին, այլ ոչ թե Թուրքիային: Մինչ այսօր Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ իր երկու հարեւանների կողմից:

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ նորից շեշտել, որ Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման իր որդեգրած քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ ու անվտանգ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը եւ այդ գործընթացում ապավինում ենք նաեւ ձեր օժանդակությանը` որպես Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի: Անձամբ շնորհակալ եմ ձեզ բարեկամության վառ դրսեւորման ու նախաձեռնողականության համար:

Շնորհակալություն»:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ հուշագիր ստորագրվեց: Եվրախորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն ունեցան ջերմ ու անկաշկանդ զրույց ծավալելու իրենց հետագա անելիքների ու ծրագրերի մասին: 

← Վերադառնալ ցուցակին