Լուրեր

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

31.12.2012

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զիվորների հետ՝ նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Հայ զինվորը կոչում է: Պարտադիր չէ, որ նա լինի խրամատում կամ ինքնաձիգը ձեռքին: Կարևորն այն է, որ մարդն իրեն զգա Հայրենիքի զինվոր: Ես կարծում եմ՝ առավել բարձր կոչում և առավել մեծ երջանկություն չկա, քան լինել Հայրենիքի զինվոր: Ես շատ բան եմ տեսել, չնայած, տարիքով այնքան էլ մեծ չեմ. տեսել եմ մեր ժողովրդի դժվարությունները, տեսել եմ բազմաթիվ ընկերների կորուստներ, տեսել եմ, թե ինչպես են բնակավայրեր ավերվում: Ամեն ինչ տեսել եմ: Տեսել եմ ընկերների նվիրվածություն, տեսել եմ ընկերների դավաճանություն: Ամեն ինչ: Բայց, իրոք, ավելի մեծ բան, քան Հայրենիքին ծառայելը չկա: Ուզում եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք այս գիտակցությամբ ապրեք ձեր ողջ կյանքը: Մեր ժողովուրդը շատ երկար է ապրում այս հողի վրա, շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհին եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, բայց մենք, փառք Աստծո, կանք, և վստահ եմ, որ մշտապես լինելու ենք: Մենք կանք, որովհետև և՛ մեր իշխանավորը, մեծամասամբ, և՛ եկեղեցականը, և՛ ռամիկը շատ դեպքերում իրենց զինվոր են համարել: Մեր հարևանությամբ եղել են ժողովուրդներ, որոնք և՛ քանակով, և՛ իրենց հզորությամբ շատ ավելին են եղել, քան մենք: Կարելի է թվարկել առնվազն երկու տասնյակ ժողովուրդների, որ մնացել են պատմության կեռմաններում, մնացել են, որովհետև իրենք իրենց ազգի զինվորը չեն եղել, իրենց Հայրենիքի զինվորը չեն եղել: Եվ մենք հարատևելու ենք, որովհետև մեզնից շատ-շատերն իրենց համարում են Հայրենիքի զինվորը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ Նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաև հանդիպել է Արենի գյուղի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին