Լուրեր

Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները. Տիգրան Սարգսյան

30.12.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները: Ուզում եմ իմանաք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն օր իր աշխատանքը սկսելիս քաջ գիտակցում է, որ մեր թիկունքն ամուր է: Մենք միջազգային ասպարեզում կարող ենք մեր բանակցությունները համաձակորեն վարել՝ գիտակցելով, որ ունենք ձեզ նման երիտասարդներ, մեր հայրենիքի նվիրյալներ: Սրտանց ցանկանում եմ, որ 2013 թվականին լինի խաղաղություն, որ դուք վստահ լինեք, որ ձեր օջախներում ամեն ինչ լավ է լինելու և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք:
Մեր հայրենիքը քայլ առ քայլ ամրապնդվում է, քայլ առ քայլ առաջ գնում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները: Խնդիրները, մարտահրավերները չպետք է մեզ ընկճեն, հակառակը՝ պետք է նոր ուժ հաղորդեն, որովհետև ապագայում էլ նոր փորձություններ ու մարտահրավերներ են մեզ սպասելու: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ ի վիճակի ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
Ամանորի կապակցությամբ վարչապետը զորամասին է նվիրել մի քանի համակարգիչներ:

← Վերադառնալ ցուցակին