Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին

27.12.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով նրանց՝ ԱԺ նախագահն ասաց.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաեւ մեր համատեղ աշխատանքի վայրն է: Վստահ եմ, որ ինչպես նախկինում, 2012 թվականին եւս մեր համագործակցությունը հաջողվել է, եւ, անկախ մեր տեսակետների ու քաղաքական դիրքորոշումների տարբերություններից, միշտ էլ կարողացել ենք կոռեկտության ու հանդուրժողականության, ողջամտության ու անկեղծության սահմաններում ազատորեն շփվել միմյանց հետ: Ամեն դեպքում, ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, ես միշտ էլ կողմ եմ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտին եւ շարունակելու եմ ամեն ջանք գործադրել Ազգային ժողովում նման միջավայր ապահովելու համար, այդ թվում նաեւ՝ լրագրողների համար եւ լրագրողների հետ աշխատանքում:

Լրագրողներն ու լրատվամիջոցները քաղաքացիական հասարակության ձեւավորման ու կայացման առաջամարտիկներն են: Այս առումով հայաստանյան լրագրողական բազմանդամ ու ազդեցիկ ընտանիքը բացառություն չէ՝ նկատի ունենալով նրա ծանրակշիռ դերը պետության ու հասարակության կյանքում: Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ օրերս կայացած արտահերթ համագումարում, ընդգծելով լրագրողների հանդեպ ուժի կիրառումն արմատապես մերժելը եւ մարդկանց ազատ ընդդիմախոսելու իրավունքը, կուսակցության եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա»: Վստահ եմ, որ, դուք, հարգելի լրագրողներ, խորհրդարանում ազատ կարողանում եք իրացնել ձեր իրավունքներն ու մասնագիտական լիարժեք գործունեություն իրականացնել։ Միաժամանակ, կարծում եմ, որ ո՛չ պատգամավորը, ո՛չ էլ լրագրողը չպետք է փորձեն միմյանց հակադրել իրենց աշխատանքն ու մարդկային հարաբերությունները: Ընդհակառակը, դրանք պետք է համադրվեն, մանավանդ որ մեր երկրի առջեւ ծառացած են մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք հաղթահարելը ոչ թե առանձին վերցրած՝ քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակության այս կամ այն ներկայացուցչի գործն է, այլ՝ բոլորինս միասին:

Հարգելի լրագրողներ,

Ես բոլորիցդ շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի համար: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշխատանքը բխի միայն ու միայն երկրի ու ժողովրդի մասին մտահոգություններից եւ ազնիվ, անշահախնդիր մղումներից:

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ մաղթում առողջություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ, բարեխղճորեն եւ անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ Լիա Խոջոյանը, Կարինե Մանգասարյանը, Լիլիթ Կասյանը, Արման Գալոյանը, Ավետիս Բաբաջանյանը, Արմեն Մխիթարյանը,Հարություն Տոլանյանը եւ Արտակ Բարսեղյանը պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով:  

← Վերադառնալ ցուցակին