Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԱԿ ներկայացուցիչներին
25.12.2012
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:
ՌԱԿ ատենապետը ԱԺ նախագահին ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը Հայաստանում եւ Սփյուռքում: Պարոն Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու եւ ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ թեկնածուին պաշտպանելու համար: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է երկրի կայուն եւ աստիճանական զարգացմանը եւ հասարակության մեծամասնությունը ավելի ու ավելի լավ է հասկանում դա: ԱԺ նախագահի համոզմամբ՝ հասարակական այդ ընկալման լավագույն արտահայտությունն են լինելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքաղաքական, ՌԱԿ-ԱԺ համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: