Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը
25.12.2012
							Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: <<Նոր գիրք>> գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 
Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:  
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակցության և մշտական ուշադրության համար: 
Ի պատասխան լրագրողների հարցերի, քաղաքապետը նախ ողջունել է Գրողների միության կողմից գրախանութի բացման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայ գրատպության 500-ամյակը նշող երկրի համար նման նախաձեռնությունները խորհրդանշական են ու պատվաբեր: 
<<Ինչպես գիտեք, մենք այս տարի նաև հռչակվեցինք Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և այդ առիթով տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում: Ու բնական է, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կհանդիսանա գրքի և ընթերցանության զարգացման հարցում: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել  ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: Հինգ երեխաների հայր Տարոն Մարգարյանը նախ և առաջ գնել է հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներ, ինչպես նաև այլ գրականություն: 
 
