Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

20.12.2012

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության եւ կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացում:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցությունը, այն գնահատելով գերազանց եւ արդյունավետ: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է մի շարք կարեւոր օրենքներ, որոնք նպաստել են ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը եւ խորացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը եւ այլն: Նա կարեւորեց նաեւ ԵԽԽՎ-ԱԺ փոխգործակցությունը` նշելով, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը արդյունավետ եւ կառուցողական գործունեություն է իրականացնում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: 

← Վերադառնալ ցուցակին