Լուրեր

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

19.12.2012

 ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ դեկտեմբերի 19-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Հուշագիրն ստորագրեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին:

Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության ոլորտներում օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հանձնաժողովին առընթեր կստեղծվի խորհրդատվական խումբ, որը կիրականացնի փորձագիտական գործունեություն՝ հանձնաժողովին տրամադրելով օրենսդրական խորհրդատվություն եւ առաջարկներ, որոնք կվերաբերեն հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին, իսկ Ժնեւի կենտրոնը կաջակցի խմբի աշխատանքներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ հուշագիրը կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության ամուր իրավական հիմք կդառնա եւ կապահովի անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության գործում կողմերի համագործակցության շարունակականությունը:

← Վերադառնալ ցուցակին