Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց

18.12.2012

 Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարզպետներ եւ պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այն նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115-ամյա հոբելյաններին: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕՆ 2012թ. իր մշակութային հոբելյանական ծրագրի ցանկում ներառել է նաեւ Սայաթ-Նովայի 300 ամյակը:
Այս տարի եւս մրցույթ-փառատոնն անցկացվեց երեք փուլով՝ 11-14 եւ 15- 17 տարիքային խմբերում: Նշենք, որ փառատոնի նպատակն է` մատաղ սերնդի ուշադրությունը բեւեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին, կրկին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Տեղեկացնենք, որ ասմունքի մրցույթ-փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահն է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ժյուրիի նախագահը` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Ժյուրիի անդամները` ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Եղիշե Չարենցի անվան թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սարգիս Նաջարյանը, Բորիս Պեպանյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, Դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Լուիզա Ղամբարյանը, Նաիրա Շահիրյանը, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դեկան Անետա Երզնկյանը եւ երգչուհի Սիրանուշ Գալստյանը:
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ այս բարդ պայմաններում հայ խոսքը, գիրն ու արվեստը չանտեսելու եւ այն հովանավորելու ու տարածելու համար: Նա դրվատանքի ջերմ խոսքեր ուղղեց մրցույթում հաղթած շնորհալի երեխաներին, բարձր գնահատեց նրանց ասմունքելու շնորհքը:
Պատգամավոր Տաճատ Վարդապետյանն իր ելույթում բարձր գնահատեց ԱԺ նախագահի հովանու ներքո արդեն 5 տարին անցկացվող ասմունքի փառատոնը: Նա նշեց, որ այս գործընթացի միջոցով հայ երեխան չի կտրվում գրքից, ցանկանում է ասմունքել, մրցել եւ հաղթել: Ըստ ԱԺ պատգամավորի՝ասմունքի մրցույթ-փառատոնը հայրենանվեր գործ է եւ պետք է արժանանա բարձր գնահատականի:
Ժյուրիի որոշման արդյունքում «Գրան պրի» մրցանակի արժանացավ Արարատի մարզի Այնթափ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անահիտ Նիկողոսյանը, ով ստացավ ԱԺ պատվոգիր եւ համակարգիչ, 11-14 տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Վայոց Ձորից Կարեն Գրիգորյանը, 2-րդ տեղը՝ Արցախից Տիգրանուհի Խաչատրյանը, 3-րդ տեղը Կոտայքի մարզից՝ Գեւորգ Սահակյանը, իսկ 15-17 տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Լոռու մարզից Սամվել Վանյանը , 2-րդ տեղը` Արցախից Հասմիկ Հարությունյանը եւ 3-րդ տեղը` Արագածոտնի մարզից Էլյա Հարությունյանը: 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան ԱԺ շնորհակալագիր եւ հեռուստացույց, իսկ 3-րդ տեղ գրավողները` Աժ շնորհակալագիր եւ տնային կինոթատրոն:
Փառատոնի ամենակրտսեր մասնակից 10-ամյա Սոֆյա Սարգսյանն եւ եւս 15 ասմունքողներ հանրապետության բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից արժանացան խրախուսական մրցանակների:
ԱԺ նախագահի հրամանագրով ծննդյան 75- ամյակի առթիվ ԱԺ Պատվո մեդալի արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ Գուժ Մանուկյանը: Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատրվեցին նաեւ փառատոնի հեղինակ Մարիետա Մակարյանը եւ ժյուրիի անդամ Կարո Վարդանյանը` ասմունքի փառատոնի կայացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
Հանձնելով մրցանակները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին, ժյուրիին, մանկավարժներին, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին եւ կազմակերպիչներին: Նրա խոսքով` այս տարի ասմունքի հանրապետական մանկապատանեկան հերթական՝ 5-րդ մրցույթ- փառատոնը, որը տեւեց ավելի քան 4 ամիս, ավարտվում է գրեթե Ամանորի շեմին, ինչը պայմանավորված է մասնակիցների աննախադեպ մեծ թվով եւ ընդգրկուն աշխարհագրությամբ: Եթե առաջին մրցույթ -փառատոնին մասնակցել էր 5 հազար դպրոցական, իսկ 4-րդ փառատոնի մասնակիցների թիվն արդեն 135 հազար էր, այս տարի մասնակիցների թիվը գերազանցեց բոլոր ցուցանիշները` հասնելով 170 հազարի, ինչը նշանակում է, որ փառատոնն ավելի ու ավելի վստահորեն է իրականացնում իր հիմնական առաքելությունը՝ մատաղ սերնդի մեջ ամրապնդում սերը, նվիրումը հայ գրականության եւ մասնավորապես հայ պոեզիայի հանդեպ: «Ես վստահ եմ, որ այս փառատոնի մասնակիցների, կազմակերպիչների, իրականացնողների ջանքերով Սայաթ նովայի եւ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները, նրանց պատգամները, նրանց ասելիքը կփոխանցվեն հաջորդ սերունդներին»: Եզրափակելով խոսքը ` Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ շնորհավորեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին: «Մենք պետք է հպարտանանք մեր այս սերնդով, մեր երեխաներով, մեր աշակերտներով: Շնորհակալություն բոլորիդ՝ ձեզ, սիրելի երեխաներ, հարգելի ուսուցիչներ, ծնողներ, հարգարժան ժյուրիի անդամներ, ձեր աշխատանքի, ձեր նվիրվածության, ձեր հայրենասիրության համար»,-ասաց ԱԺ նախագահը:
Գալա համերգին հնչեցին Եղիշե Չարենցի եւ Սայաթ Նովայի ստեղծագործությունները:

← Վերադառնալ ցուցակին