Լուրեր

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Անդրե Մանուկյանին

15.12.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում` մշակութային ոլորտում: <<Վերջին տարիներին Երևանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել, և մեզ համար պատիվ է հյուրընկալել նաև ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երևանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության և ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երևանով և անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը: <<Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարևորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաև իմ առաքելությունը>>,-նշել է Անդրե Մանուկյանը:
Քաղաքապետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար և հույս հայտնել, որ առաջիկայում Երևանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն:
Անդրե Մանուկյանն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երևանի պատմությանը:

← Վերադառնալ ցուցակին