Լուրեր

ՀՀԿ ԵԿ կազմակերպած ՙԵրևանի գավաթ՚ համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում հաղթեց Նոր Նորքի թիվ 142 դպրոցը

14.12.2012

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) կողմից անցկացված ՙԵրևանի գավաթ՚ համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը և հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հաղթող թիմերին մրցանակները հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը։
Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնին մասնակցել է Երևանի 35 ավագ դպրոց, եզրափակչում ուժերը չափել են 14 ավագ դպրոցների թիմեր։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում առաջին տեղը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 142 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 112 դպրոցը, 3-րդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 97 դպրոցը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ ԵԿ-ն ինտելեկտուալ մրցույթ-փառատոն կազմակերպում է արդեն 7-րդ տարին, և տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ինտելեկտուալ խաղերի նկատմամբ։ Նա տեղեկացրեց, որ մրցույթն իրականացվել է երկու փուլով՝ ներհամայնքային և միջհամայնքային։ ՙԱյս 7 տարիների ընթացքում կարողացել ենք ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ մեր դպրոցահասակ երեխաներն արդեն գիտեն գիտելիքի արժեքը և գիտեն, որ իրենց գիտելիքով կարող են մրցել ու հաղթել՚,- նշեց Կարեն Ավագյանը։
Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնն անցկացվել է Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ Էմիլ Միրզոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի, կրթության և գիտության նախարարի, ՀՀԿ-ի աջակցությամբ վերջին տարիներին մեծ թափով վերածնվել է ինտելեկտուալ շարժումը։ Էմիլ Միրզոյանը բարձր գնահատեց ավագ դպրոցների աշակերտների ինտելեկտուալ մակարդակը։ Ըստ նրա՝ ավագ դպրոցների աշակերտները կարողացել են պատասխանել հարցերի ավելի քան 60 տոկոսին, ինչը ոչ պրոֆեսիոնալ թիմերի համար բավականին բարձր ցուցանիշ է։ 

← Վերադառնալ ցուցակին