Լուրեր

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է <<Անկախ կյանքի հայկական ցանց>> միության անդամների ստեղծագործական աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը

14.12.2012

Երևանի քաղաքապետարանի 2012թ. հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է <<Անկախ կյանքի հայկական ցանց>> միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական, և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանի հաշմանդամների <<Փյունիկ>> միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց <<Փարոս>> երգչախումբը և անհատ կատարողներ:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարում միջազգային և քաղաքային մրցույթներում մարզական հաջողություններ գրանցած հաշմանդամները, ինչպես նաև ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցները, պարգևատրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է միջոցառման մասնակիցների հետ, շրջել սրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին