Լուրեր
Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր
13.12.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օտարերկրյա պետություններում էլեկտրոնային անձնագրի համար պահպանել 65 հազար դրամ դրույքաչափը, իսկ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու պետտուրքը սահմանել 30 հազար դրամ։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Մեկ այլ որոշման փոփոխմամբ գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հնարավորություն է տվել օգտվելու ՀՀ քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական շտեմարանից, ինչն անհրաժեշտ է նախաստորագրված ռեադմիսիոն համաձայնագրով սահմանված ժամկետներում հետընդունման հայցերին պատասխանելու համար։
Իր նիստում կառավարությունը «Երիտասարդների մասնագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել է «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի, որի առաքելությունն է դպրոցականներին ուղղորդել դեպի աշխատաշուկա` բացահայտելով նրանց անհատական նախասիրությունները։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2011 թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների ամփոփ հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու տարում բացահայտվել է ավելի քան 273 մլն դրամի ֆինանսական խախտում, որից մոտ 60 մլն-ն արդեն վերականգնվել է։
Գործադիրը հավանություն է տվել Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիայի 11-15-րդ հոդվածների պահանջների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իրականացրած միջոցառումները։
Կապահովվի միջուկային էներգաբլոկի հրապարակի սեյսմակայունությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդի անգլերեն տարբերակը, որի անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցմամբ, ինչը հրատապ է դարձնում միջուկային էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման գործընթացի կարգավորումը։ Որոշմամբ սահմանվում են այն մեթոդները, որոնցով կատարվելու են միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական և երկրատեխնիկական հետազոտությունները, բնութագրվելու են սեյսմիկ օջախներն ու գոտիները, իրականացվելու է սեյսմիկ վտանգի հավանակային վերլուծություն և որոշվելու է գրունտի նախագծային տատանումը։ Փաստաթղթի ընդունմամբ կկարգավորվեն միջուկային նոր էներգաբլոկի նախագծմանն ուղղված` հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման իրավահարաբերությունները։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 3-ի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է 2012 թ. դեկտեմբեր ամսին ապահովել այդ կազմի` մինչև 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր։
Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու` կառավարության ավելի վաղ ընդունած որոշման կատարման ժամկետի երկարաձգումը թույլ կտա իրականացնել սեփականության օտարման գործընթացը, որին, ըստ Ասիական զարգացման բանկի ընթացակարգի, կնախորդի նախագծման ու հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման աշխատանքը։
Գործադիրը թույլատրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 19-ը։ Ընկերությունը` որպես Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ, մեկ տարով Հայաստան է ներմուծել այդ կազմակերպության սեփականությունը հանդիսացող սարքավորումներ` թվային ընդունիչներ և սերվեր։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել շարունակել դրանց շահագործումը, որով և թելադրված է որոշման ընդունումը։
Գործադիրը հավանություն է տվել մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագրին, որի նպատակն է կանոնակարգել դրանց դեմ համակարգի ձևավորումը` այն համապատասխանեցնելով միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջներին։
Կառավարության որոշմամբ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում 1988 թվականից մինչև օրս կուտակված ժամկետանց դեղերի ոչնչացման նպատակով հատկացվել է 18 մլն դրամ։ Ավելի քան 7 մլն դրամ է տրամադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար։
Բարեփոխվում է քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների բաժինը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կվերացվեն թերկարգավորվածության բազմաթիվ օրինակներ, որոնք պայմանավորված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց, կներմուծվի նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում, որը կբարձրացնի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ նշանակվող պատիժների արդյունավետությունը։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է Արագածոտնի մարզի որոշ հողատարածքներ ընդգրկել Ապարանի քաղաքային համայնքի վարչական սահման։
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը պայմանավորված է էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով։ Օրինագծի վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն է տվել։ Հաջորդ որոշմամբ սույն օրինագիծն ընդգրկվել է ս.թ. դեկտեմբերի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ։
Գործադիրը քննության է առել ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում, հեղինակների կարծիքով, կհեշտանա վերահսկողությունը «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի կատարման նկատմամբ։ Կառավարությունն սկզբունքորեն դեմ չէ նշված առաջարկություններին, ավելին, արդեն իսկ հանդես է եկել խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու նախագծի լրամշակմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը մերժել է ներդրումային ծրագրով «Ջրասահք» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը։ Ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տարածքում` Վարդենիս գետի վրա, կառուցել «Վարդենիկ» փոքր հիդրոէլեկտրակայանը։
Գործադիրը համաձայնություն է տվել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը հնարավորություն է տալիս, որպեսզի ԱՊՀ պետությունների տվյալ ոլորտի համագործակցությունը թևակոխի նոր փուլ, իրականացվեն համատեղ ծրագրեր։
ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թ. ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թ. ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը։