Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է ունեցել Հարվարդի համալսարանում
13.12.2012
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։
ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի համալսարանի (Tufts University) պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։
Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի: Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար` նշելով. «Այսպիսի հանդիպումները կարևոր են` հասկանալու համար, թե քաղաքականություն իրականացնող մարդիկ ինչպես են մտածում»: Տիգրան Սարգսյանն ընդգծել է մարդկային շփումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հետաքրքիր հանդիպում անցկացնելու համար: