Լուրեր

Ներկայացվել են տոնական Երևանի ձևավորման աշխատանքներն ու մոտեցումները

11.12.2012

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մանրամասնել են քաղաքապետարանի մոտեցումները:
Նախ նշվել է, որ տոնին համահունչ՝ մայրաքաղաքի ինքնատիպ ձևավորման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի առաջին անգամ մշակվել է Ամանորի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման հատուկ հայեցակարգ: Երևանի 2013 թվականի ամանորյա խորհրդանիշ է ընտրվել ոսկեգույն հրեշտակը: Խորհրդանշական է նաև տոնական Երևանի այս տարվա հանդերձանքը, ուր կգերիշխեն 2013-ի խորհրդանիշ ջրային օձի գույները՝ կապույտն ու ոսկեգույնը:
Նշվել է նաև, որ 32 մ բարձրություն ունեցող մայր տոնածառն այս տարի զարդարված կլինի ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքերից ու 4500 խաղալիքներից: Իսկ մայրաքաղաքի փողոցները, մայթերն ու սիզամարգերը կզարդարեն լուսադիոդային տարբեր կենդանիները, ծառերը, շատրվանները, դեկորատիվ մոմերն ու լուսավորված տնակները: Կլինեն նաև 3D պրոեկցիաներ: Մոտեցումը յուրովի է նաև բազմաբնակարան շենքերի տոնական ձևավորման հարցում: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գտնվող որոշ շենքեր արդեն իսկ զարդարվել են տոնական հանդերձանքով:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է նաև, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական տեսք կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հավաստմամբ էլ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներն ամբողջությամբ ավարտուն տեսք կունենան դեկտեմբերի 20-ին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ այդ օրը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր տոնական լույսերը:
Բանախոսները անդրադարձել են նաև Երևանի քաղաքապետարանի հայտարարած <<Ամանորյա լավագույն ձևավորում>> անվանակարգով մրցույթին, որի շրջանակում հաղթող ճանաչվածներին կպարգևատրի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին